Դավոսի համաշխարհային համաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Մոսկվա, որտեղ նախատեսված է ԵՏՄ նախագահության ստանձնումը: 2019 թվականից այդ կազմակերպության նախագահությունը դարձյալ անցնում է Հայաստանին:

Այդ անցումը՝ Դավոսից ԵՏՄ, բավականին խորհրդանշական է: Դավոսը համաշխարհային կյանքի ամենամյա կենտրոններից է, համաշխարհային տնտեսա-քաղաքական էլիտայի պարբերական խառնարաններից մեկը, որտեղ գծագրվում է համաշխարհային զարգացումը:

Եվրասիական միությունը համաշխարհային զարգացման «լուսանցքն» է, որտեղ Հայաստանը հայտնվել է 2013 թվականի հայտնի որոշումով, հայտնի իրադարձությունների եւ իրողությունների հավաքական բերումով: Մյուս կողմից, Հայաստանն ուներ թերեւս այնտեղ չհայտնվելու ավելի մեծ հնարավորություն, քան հայտնվելուց հետո այնտեղից դուրս գալու: Ըստ այդմ մնում է, որպեսզի Հայաստանը փորձի առավելագույնս քամել ԵՏՄ-ից, եթե դա հնարավոր է:

Իր հերթին, Եվրասիական միությունն իհարկե ունի որոշակի տնտեսական ներուժ: Այդ կառույցի խնդիրը քաղաքական է, այն այսպես ասած էլիտաները, որոնք կառավարում են ԵՏՄ երկրները: Այդ «էլիտաների» քաղաքական եւ քաղաքակրթական բնույթն է, որ արգելակում է տնտեսական ներուժի քիչ թե շատ արդյունավետ գեներացիան եւ միությունը վերածում «լուսանցքի»:

Այստեղ Հայաստանը հայտնվել է ուշագրավ դերում: Հայաստանում սկսված է քաղաքական վերնախավի փոփոխության, քաղաքական դասի սերնդափոխության, նոր էլիտայի ձեւավորման գործընթաց, որը թերեւս պետք է ունենա շարունակություն նաեւ տնտեսական էլիտայի համալրման եւ թարմացման տեսքով:

Միաժամանակ առկա է նկատելի հակասություն՝ եվրասիական առկա «քաղաքական նկարագրի» եւ Հայաստանի նոր նկարագրի ձեւավորման գործընթացի միջեւ: Ներկայումս կողմերը գտնվում են փոխադարձ «ադապտացիայի» բարդ փուլում, ինչն էլ ավելի բարդ ու բազմաշերտ է դառնում աշխարհ-տնտեսական, աշխարհ-քաղաքական, ռազմա-քաղաքական մի շարք բազմաբնույթ եւ իրարամերժ հանգամանքների բազմության պայմաններում:

Հայաստանը մի կողմից ընկալվում է վտանգավոր խորթությամբ, մյուս կողմից բնազդային ձգողությունը՝ հաշվի առնելով այն ահռելի խնդիրները, որ բարդ ու բազմաշերտ ներկայիս իրողություններում կանգնած են եվրասիական ամբողջատիրական կամ ավտորիտար, հանրային խորքային լեգիտիմության բազմաշերտ խնդիրներ ունեցող այդ համակարգերի առաջ եւ որոնց լուծման հարցում Հայաստանի հետ հարաբերությունը կարող է դառնալ փրկօղակ:

Ի՞նչը կգերակշռի կամ կհաղթի այդ համակարգերում՝ Հայաստանի հետ հարաբերության հարցում, վա՞խը, թե՞ ինքնապահպանման բնազդը:

Այդ տեսանկյունից իհարկե շատ կարեւոր է, թե ինչը կհաղթի Հայաստանում, ինչ ճանապարհով կզարգանա Հայաստանը՝ կլինի հեղափոխության լճացու՞մ, թե՞ տնտեսական շարունակություն: Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում գործարարների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանը կանգնած է այդ խաչմերուկին:

Փաշինյանն ըստ երեւյթին ակնարկել էր հենց Դավոսից ԵՏՄ խորհրդանշական երթուղին, որտեղ իհարկե խնդիրը ուղղությունները չեն, այլ բովանդակությունը, այսինքն այն, թե ի՞նչ կտանի Փաշինյանը Դավոսից Մոսկվա, ԵՏՄ նախագահությունը ստանձնելու:

Եվ այստեղ իհարկե Հայաստանի մասնակցությունը Դավոսին՝ թավշյա հեղափոխությունից հետո, ստանում է առանցքային նշանակություն հենց համաշխարհային համատեքստում: Եթե Փաշինյանին «ճանապարհեն» ձեռնունայն, ապա ԵՏՄ-ում գերիշխելու է վախը Հայաստանում տեղի ունեցածից, հեղափոխության լճացման սպասումը եւ բարձրացնելու է ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ, կամ այն ֆանտաստիկ օրինակի նկատմամբ, որ բնորոշել էր ՄԱԿ գլխավոր քարտուղարը:

Եթե Հայաստանը Դավոսից Մոսկվա է անցնում որոշակի առարկայական քննարկումների պաշարով, ապա ԵՏՄ շրջանակում դա նվազեցնելու է հայկական հեղափոխության լճացման եւ ճահճացման եվրասիական սպասումն ու նպաստելու է ինքնապահպանան բնազդի, հետեւաբար «ֆանտաստիկ օրինակի» հանդեպ այդ համակարգերում առկա ներքին՝ թեկուզ առաժմ բնազդային, ենթագիտակցական, չձեւակերպված սպասումը:

Ինչու է դա նշանակալի հարց աշխարհի մասշտաբում: Որովհետեւ հենց սահուն տրանսֆորմացիայի «ֆանտաստիկ օրինակ» է, իսկ աշխարհը անկասկած կանգնած է բեւեռների միջեւ փոխհարաբերության ուժգին հակադիր բնույթից աստիճանաբար գործակցային նոր կարգի անցնելու այդպիսի անհրաժեշտության առաջ: Այն նույնպես դեռեւս ձեակերպված չէ, սակայն լինելու է անխուսափելի, քանի որ դիմակայության ռեժիմի գերակայությունը անվերջ չէ, եւ դրա ներկայիս գերաշխույժ փուլին զուգահեռ պակաս կարեւոր չէ նաեւ տրանսֆորմացիայի մոդելներ դիտարկելու եւ անգամ փորձարկելու գործընթացը: Հայաստանն այդ հարցում առանձնահատուկ ներուժ ուներ անգամ մինչեւ թավշյա հեղափոխությունը, իսկ դրանից հետո, գործնականում՝ բացառիկ ներուժ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am