Նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Գերմանիա, որտեղ մասնակցելու է Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովին: Այդ հեղինակավոր հավաքի ընթացքում մի քանի տասնյակ պետությունների առաջնորդներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ քննարկում են համաշխարհային անվտանգության խնդիրները:

Մյունխեն 2019-ում նախատեսված է նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը: Հայաստանը համաժողովին ներկայացել է նախագահի եւ արտգործնախարարի մակարդակով, վարչապետ Փաշինյանը փաստորեն չմեկնեց Մյունխեն: Թե ինչու՞ է վարչապետը բաց թողել համաժողովը, պարզ չէ: Միաժամանակ հայտնի է, որ Մյունխենի համաժողովին չեն մասնակցելու Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսրայելի ղեկավարները, տարբեր պատճառներով:


Տեղեկություն չկա նաեւ այն մասին, թե արդյոք Մյունխենում լինելու է Իլհամ Ալիեւը: Նաեւ հարց է, թե արդյոք թե Փաշինյանը, թե Ալիեւը չեն մեկնի Մյունխեն այն պատճառով, որ մտադիր չեն հանդիպել միմյանց: Իր հերթին հարց է, թե միմյանց հանդիպելուց բացի միթե նրանք չունեին Մյունխենում անելու այլ բան:

Մյուս կողմից, Հայաստանն այդ իմաստով ստացել է առավել ճկուն լինելու հնարավորություն, խորհրդարանական կառավարման մոդելի անցման, ինչպես նաեւ նախագահի ընտրության հարցում կայացրած որոշման շնորհիվ: Մասնավորապես, նախագահի առերեւույթ արարողակարգային պաշտոնը զբաղեցնում է գործիչ, որը բավական հմուտ է միջազգային հարաբերություններում, եւ այդ իմաստով Հայաստանը ստացել է արտաքին քաղաքական տիրույթում մարտավարական ճկունության հնարավորություն՝ Արմեն Սարգսյանի ոչ ֆորմալ ներգրավումով: Ոչ ֆորմալ, որովհետեւ նախագահը չունի արտաքին քաղաքականությամբ զբաղվելու իրավասություն:

Այդուհանդերձ, Արմեն Սարգսյանը նկատելիորեն ներգրավված է այդ դաշտում եւ անկասկած այդ ներգրավումը ոչ թե ի հեճուկս վարչապետի է, այլ վարչապետի հետ համաձայնեցված, ինչի մասին հայտարարություն արել է նաեւ նախագահի նստավայրը:

Եվ այդ իմաստով Մյունխենի անվտանգության համաժողովը «հանձնվել» է նախագահ Սարգսյանի «խնամքին», ընդ որում ամենեւին ոչ հիմա՝ փետրվարին, այլ դեռեւս նախորդ տարեվերջից, երբ նախագահ Սարգսյանին համաժողովի կազմակերպիչները հրավիրել էին Մինսկ՝ Մյունխենի համաժողովի պատրաստման աշխատանքային խմբի հավաքին:

Մինսկի հավաքը տեղի էր ունենում հատկանշական ժամանակահատվածում, երբ դինամիկ փուլում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի առիթով ստեղծված գործընթացը եւ բավական թեժ էր Երեւանի եւ Մինսկի հռետորաբանությունը:

Այդ իմաստով, Մինսկում Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպման աշխատանքային խմբի հավաքն ու դրան Հայաստանի նախագահի մասնակցությունը ուշագրավ «նյարդ» հաղորդեցին մյունխենյան խմորվող օրակարգին: Խոսքը ՀԱՊԿ օրակարգում Հայաստանի առաջ քաշած հարցադրումների մասին էր՝ կազմակերպության բլոկային բնույթի բուտաֆորիկ, թե իրական լինելու առնչությամբ, ինչը ընդհանրապես եվրասիական անվտանգության համակարգի հիմնասյուներն ու փիլիսոփայությունը շոշափող հարցադրում է: Ու այդ ժամանակահատվածում Մինսկում «մյունխենյան» հավաքը բնականաբար չէր կարող որեւէ կերպ չասոցացվեր կամ չառնչվեր համաշխարհային անվտանգության այդ կարեւոր թեւում խմորվող իրողություններին, որոնք առանցքային նշանակություն ունեն ամբողջ միջազգային անվտանգության համակարգի համար:

Այդ համատեքստում էլ հատկանշական էր, որ Արմեն Սարգսյանի մասնակցությունը Մինսկում օրակարգի հարց էր դարձրել Արցախի հարցը՝ միջազգային անվտանգության եվրասիական թեւում հանգուցային կետը, որտեղ քառորդ դար առաջ արմատավորվել է անվտանգության նոր փիլիսոփայությունը, սակայն չի ստացել թե միջազգային, թե լոկալ եվրասիական գոտու «իրավաբանական գրանցում»:

Գործնականում, Հայաստանը ՀԱՊԿ-ում բարձրացնում է այդ գրանցմանը հարցը, առնչելով այն Մյունխենի հետ: Այդ իմաստով էլ արդեն Մյունխենի անվտանգության համաժողովի բուն աշխատանքը եւ դրան Հայաստանի նախագահի մասնակցությունը մեկնարկում է Հայաստանի բարձրացրած հարցերի շրջանակում նոր իրողության՝ Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության մեկնարկի ուղեկցությամբ, այդ ֆոնին նաեւ Մյունխենին զուգահեռ երկու այլ անվտանգային հավաքի պայմաններում՝ Սոչիում ՌԴ, Իրան, Թուրքիա Վեհաժողով, ընդ որում նույն Սոչիում Բելառուսի նախագահի համաժամանակյա կեցության պայմաններում, եւ Վարշավայում փաստացի ամերիկա-լեհական համաժողով Սիրիայի հարցում՝ Իսրայելի մասնակցությամբ:

Ինչ է տարել Արմեն Սագսյանը Մյունխեն այդ գլոբալ եւ բավական խիստ ժամանակային, տարածական եւ իրադարձային համատեքստում: Հայաստանը գործնականում ամրացրել է իր հենման կետը միջազգային անվտանգության համակարգի օրակարգի քննարկումներում ձայնի իրավունքի համար, շարունակելով այն արդեն Մյունխենի հիմնական հավաքի եւ «հարակից» հավաքների ֆոնին Սիրիա առաքելության մեկնարկով:

Հատկանշական է, որ Մյունխենում չկա Փաշինյան-Ալիեւ հանդիպման անհրաժեշտություն, քանի որ Հայաստանն այս ընթացքում բավական բարձրացրել ու ընդլայնել է հարցերի շրջանակը, այն բարձրացնելով Ալիեւի մակարդակից: Մյունխենին ընդառաջ Ադրբեջանի նախագահը զգաց, որ «մոռացվում» է եւ որոշեց հիշեցնել իր մասին, հայտարարելով, թե «ուժն է ծնում իրավունք», սակայն արձաանքը նրա համար հուսադրող չէր: Բելառուսի ԱԳՆ խոսնակը Սոչիում հայտարարեց, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է արագ լուծվի: Մինսկի միջոցով Սոչիից փոխանցեցին Բաքու, որ Ալիեւի հոգսը օրակարգային չէ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am