Հայկական ԶԼՄ-ները գրում են, թե Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել են ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարներ Մնացականյանն ու Լավրովը, եւ վերջինս իր հայ գործընկերոջն է փոխանցել Կրեմլի զայրույթը՝ կապված Երեւանում անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած ինչ որ սեմինարի հետ:

Այս սեմինարի վերաբերյալ աղմուկը բարձրացրել է Ռաշը Թըդեյ հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը, ասելով, թե սեմինարը նվիրված է եղել գունավոր հեղափոխությունը Ռուսաստան «արտահանելուն»: Սիմոնյանը հարմար ֆիգուր էր այս աղմուկը բարձրացնելու համար՝ նախ, նա հայկական ազգանուն ունի, երկրորդ՝ համարվում է ռուսական պետական քարոզչության առաջամարտիկներից մեկը: Ճիշտ է, նրա ղեկավարած հեռուստատեսությունը, որն ուղղված է արտաքին քարոզչությանը, ամեն տեղ արգելափակվում է ապատեղեկատվություն ու թշնամանք տարածելու հիմնավորմամբ, բայց Մարգոն դեռ չի կորցրել իր «գեներալական» կարգավիճակը:

Շատերն են հարցնում՝ ինչո՞ւ նոյեմբերին տեղի ունեցած սեմինարի վերաբերյալ հիմա է աղմուկ տարածվում: Նո՞ր են իմացել, թե կան այլ հարցեր: Արդյոք այդ աղմուկը անմիջապես առնչվում է Հայաստանին, թե կապ ունի Ռուսաստանի ներքին իրավիճակին, տարբեր խմբավորումների պայքարին ու դրանով պայմանավորված՝ «դաշնակիցների» հետ հարաբերություններին:

Ռուսաստանը ներկայում գտնվում է իր պատմության հերթական ճամփաբաժանին: Ավարտվում է «Պուտինի դարաշրջանը»: Պատմական նման շրջադարձերը Ռուսաստանում լինում են ցավոտ եւ սովորաբար ունենում են աղետալի հանգուցալուծում, որից հետո Ռուսաստանը սկսում է զրոյից: Այս անգամ էլ Ռուսաստանը չի խուսափի նման հանգուցալուծումից, քանի որ իշխող համակարգը չափից շատ է ձգել պարանը թե ներքին, թե արտաքին քաղաքականության հարցերում:

Այս պայմաններում, Ռուսաստանում արդեն նկատելի է ներքին տարբեր խմբավորումների, ուժային կառույցների պայքարը: Ռուսական գողաբարո էլիտան իր կապիտալն ու ընտանիքներին վաղուց արտահանել է «անիծյալ Արեւմուտք», քանի որ ներքին ցնցումները ավարտվելու են անխուսափելի զոհաբերություններով: Զոհաբերման առաջին գծում են նաեւ այսօրվա քարոզչության առաջամարտիկները, քանի որ նրանց վրա է նաեւ բարդվելու ռուսական նախագծերի գաղափարական փլուզման պատասխանատվությունը:

Դրանից Մարգոն ու իր գործընկերները գնալով ավելի հիստերիկ են դառնում, եւ Հայաստանի սեմինարը, ինչպես նաեւ այլ նմանատիպ հանգամանքները նրանց համար դառնում են իրենց անձնական խնդիրները լուծելու փաստարկ ու միջոց: Առավել եւս, որ ռուսական ներքին իրադարձությունները չեն կարող չանդրադառնալ հատկապես «դաշնակիցների» վրա, որտեղ կան բազմազան ու բազմաշերտ քաղաքական ու տնտեսական շահեր ու կապեր: Հայաստանի դեպքում դա առավել քան ակնհայտ է:

Հիմա գանք Լավրովին, ով ըստ հայկական ԶԼՄ-ների՝ Մնացականյանին է փոխանցել Կրեմլի զայրույթը: Ենթադրվում է, որ փոխանցման պահին Լավրովն ու Մնացականյանը մենակ են եղել, եւ լուրը հայկական ԶԼՄ-ներին է փոխանցել նրանցից մեկը: Կամ էլ նրանք փոխանցել են ուրիշներին, ուրիշներն էլ փոխանցել են հայկական ԶԼՄ-ներին, որոնք էլ ոգեւորությամբ տարածել են այն:

Լավրովին ապրիլյան պատերազմից հետո Երեւանում Սերժ Սարգսյանը հարցրեց՝ ասացեք խնդրեմ, ինչու այսպես եղավ: Դուք իսկապե՞ս փոխանցել եք Կրեմլի զայրույթը, երեւի լրագրողները հետո կհարցնեն նրան:

Խեղճ Լավրով հայերի ձեռքին՝ նման անիմաստ ու մանր հարցեր են տալիս մի մարդու, որը Ռուսաստանի կապող վերջին թելն է քաղաքակիրթ աշխարհի, կամ ավելի պարզ ասած՝ հայկական ժառանգության հետ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am