Բարգավաճ Հայստան կուսակցության անդամներն իրենց ցանկությամբ կարող են մասնակցել Մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված երեկոյան երթին։ Այս մասին այսօր՝ մարտի 1–ին Մյասնիկյանի արձանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ չբացառելով, որ ինքը նույնպես կմասնակցի երթին։

«Հարգելի լրագրողներ, մի քաղաքականացրեք, բոլորի համար ազատ է, բոլորն էլ կարող են՝ մասնակյցել՝ պատգամավորները, ժողովուրդն էլ, «Բարգավաճ Հայսստան» կուսակցության անդամներն էլ իրենց ցանկությամբ կարող են մասնակցել, ինչպես կհարմարացնեն»,–ասաց նա։


Հարցին, թե ինքը նույնպես մասնակցելու է երթին, ԲՀԿ ղեկավարը պատասխանեց.

«Ես կնայեմ, եթե հարմար լինի՝ կմասնակցեմ»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարին կնշանավորվի քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի հուշարձան՝ բոլորին մարտի 1-ին՝ ժամը 18:30-ին հրավիրելով Ազատության հրապարակ:

Նշենք, որ ԲՀԿ-ն այսօր ժամը 13։00–ին առանձին երթով շարժվեց Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի մեկի 10 զոհերի հիշատակին։