«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ «Սանիթեք» ընկերությանն ուղղված հրապարակային նախազգուշացումից հետո աղբահանությամբ զբաղվող կազմակերպության ներսում լուրջ խուճապ է սկսվել:

Քաղաքապետի հայտարարությունից հետո ընկերության ղեկավար կազմը ժողով է հրավիրել: Աշխատողների պատմելով՝ ընկերության ղեկավարը իրենց հորդորել է «դուխները չգցել», քանի որ շուտով աղբի մեքենաներ և աղբամաններ են բերվելու Հայաստան, և ամեն բան լավ է լինելու:

Բայց ընկերության աշխատակիցները վստահ են, որ ղեկավարության խոստումները ձևական են, քանի որ նրանք մեկ տարուց ավելի է, ինչ հնչեցնում են նման հայտարարություններ:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընկերության աշխատակիցները պատմել են, որ իրենց հետ տարիուկես է՝ աշխատանքային պայմանագիր չի կնքվում:

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Խաչիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե այսօր ինքը հանդիպում է ունենալու «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլի հետ՝ քննարկելու խնդիրները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: