Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Դերենիկ և Արտակ Գալստյանների, Գրիգոր Ասատրյանի, Խաչիկ Գաբրիելյանի ու Բենիկ Գաբրիելյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:

Ամբաստանյալները հինգն էին՝ եղբայրներ, 31-ամյա Դերենիկ ու 28-ամյա Արտակ Գալստյանները, նրանց ընկերներ՝ 24-ամյա Գրիգոր Ասատրյանը, 23-ամյա Խաչիկ Գաբրիելյանն ու Բենիկ Գաբրիելյանը:

Առաջին չորս ամբաստանյալներին՝ Դերենիկին, Արտակին, Գրիգորին ու Խաչիկին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Բենիկ Գաբրիելյանին՝ ավելի ծանր հոդվածներով՝ դիտավորյալ սպանության փորձ, ապօրինի հրազեն պահել և զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին, 258 հոդվածի 4-րդ մասերով:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված էր համարել հետևյալ հանգամանքները:

2016 թվականի մայիսի 30-ին մահացել է էջմիածինցի եղբայրներ Դերենիկ և Արտակ Գալստյանների տատիկը: Հոգեհանգիստը տեղի է ունեցել մայիսի 31-ին: Նույն օրը նրանց տան մոտ է գտնվել էջմիածինցի Էդուարդ Զ.-ն՝ քննությամբ չպարզված անձի հետ՝ չպարզված մեքենայով: Էդուարդն այցելել է Գալստյանների հարևան Անդրանիկին, բայց վերջինս տանը չի եղել: Հեռանալիս, առանց հաշվի առնելու, որ մոտակա տանը հոգեհանգստի արարողություն է, Էդուարդ Զ.-ն ու նրա հետ եղած անձը մեքենայում խոսել են բարձրաձայն, հայհոյանքներ են տվել:

Նրանց անպատշաճ վարքագիծը նկատել ու դիտողություն է արել Դերենիկ Գալստյանը: Դիտողության «արժանացածները» լեզվակռիվ են տվել Դերենիկի հետ ու հեռացել են: Ավելի ուշ Էդուարդ Զ.-ն վերադարձել ու նորից խոսել է Դերենիկ Գալստյանի հետ: Պայմանավորվել են հանդիպել հաջորդ օրն ու զրույցը շարունակել:

Հունիսի 1-ին տատիկի հուղարկավորությունից հետո Դերենիկի ընկերներ Գրիգոր Ասատրյանը, Բենիկ Գաբրիելյանը, Խաչիկ Գաբրիելյանն ու ևս մի քանիսը, որ տեղեկացել էին նախորդ օրվա միջադեպի մասին, որոշել են հանդիպել ու պարզաբանում կատարել Դերենիկի հետ վիճաբանած անձանց հետ: Այդ մասին իմացել է նաև Գալստյանների ազգական Արա Գալստյանը: Նա նախապես հանդիպել է Էդուարդ Զ.-ի ու Ռոբերտ Հ.-ի հետ, նստել է վերջինիս վարած «Լադա Պրիորա» մեքենան, ու զրուցելու նպատակով գնացել են Էջմիածնի Թամանյան փողոց: Նույն վայրն են գնացել նաև գործով հինգ ամբաստանյալներն ու նրանց մի խումբ ընկերները՝ երկու մեքենայով:

Թամանյան փողոցում Արա Գալստյանն իջել է «Լադա Պրիորա» մեքենայից ու իր ազգականներից և նրանց ընկերներից պահանջել է հեռանալ, բայց վերջիններս չեն հեռացել:

Քիչ անց «Լադա Պրիորա» մեքենայից իջել են նաև Էդուարդ Զ.-ն ու Ռոբերտ Հ.-ն, խոսակցությունը ծավալվել, վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի:

Գալստյան եղբայրներն ու գործով մյուս ամբաստանյալները, ըստ մեղադրանքի, խմբի կազմում կատարել են խուլիգանություն՝ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բարձրաձայն հայհոյել են, խոչընդոտել են Թամանյան փողոցի երթևեկությանը, ինչպես նաև բռնություն են գործադրել Էդուարդ Զ.-ի ու Ռոբերտ Հ.-ի նկատմամբ: Բենիկ Գաբրիելյանը խուլիգանության ընթացքում հանել է իր մոտ եղած՝ ձեռքի պայուսակում գտնվող, քննությամբ չպարզված ատրճանակը:

Այն պահին, երբ Ռոբերտ Հ.-ն ու Էդուարդ Զ.-ն նստել են «Լադա Պրիորան»՝ դեպքի վայրից հեռանալու նպատակով, Բենիկ Գաբրիելյանը, ըստ մեղադրանքի, ատրճանակով կրակել է այդ մեքենայի հետևից՝ նպատակ ունենալով ղեկին նստած Ռոբերտ Հ.-ին զրկել կյանքից: Կրակոցն արձակել է մեքենայի բեռնախցիկի հատվածին ու վրիպել է՝ վարորդին գնդակը չի դիպել, այլ բեռնախցիկի միջով թափանցել է մեքենայի սրահ, դիպել է մեքենայի հետևի ձախ դռան ներսի հատվածին ու ձախակողմյան դռները միմյանցից բաժանող մետաղե հենակին՝ վնասելով միայն մեքենայի այդ հատվածը: Կրակոցից հետո բոլորը դիմել են փախուստի: Թամանյան փողոցում ծավալված գործողությունները տեսանկարահանվել են մոտակա տան դիմաց առկա տեսանկարահանող սարքերով:

Նախաքննության ընթացքում Դերենիկ Գալստյանն իրեն մեղավոր է ճանաչել, հայտնել է, որ տատիկի հոգեհանգստի օրը վիճել է իր ծանոթ Էդուարդ Զ.-ի հետ՝ իրենց տան դիմաց կայանված մեքենայի մեջ բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելու համար:

Նույն օրը ավելի ուշ նորից է հանդիպել Էդուարդին, դարձյալ իրար չեն հասկացել, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Պայմանավորվել են հաջորդ օրը՝ տատիկի թաղումից հետո հանդիպել ու խոսակցությունը շարունակել:

Հաջորդ օրը՝ ժամը 20-ի սահմաններում, ինքը ճանապարհել է հարազատներին և իմացել է, որ Թամանյան փողոցում տղերքը հանդիպել ու վիճաբանություն են սկսել: Անմիջապես գնացել է այնտեղ: Իրենց բարեկամ Արոն համոզում էր, որ հեռանան, բայց կռիվ է առաջացել, հնչել են հայհոյանքներ ու վիրավորանքներ, հարվածներ է հասցրել նաև ինքը: Տեսանյութը դիտելիս ինքը տեսել է հեռացող մեքենայի ուղղությամբ կրակող անձին, բայց դեպքի վայրում ինքը կրակոցի ձայն չի լսել: Վեճը դադարել է, բոլորը հեռացել են:

Արտակ Գալստյանը խուլիգանության համար իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ Թամանյան փողոցում «Լադա Պրիորա» մեքենայից իջել է վարորդը՝ կարմիր շորով, նրա ձեռքին գարեջրի շիշ կար: Հավաքվածները հետաքրքրվել են՝ շիշն ինչո՞ւ է ձեռքին բռնած, վիճաբանություն է սկսվել, «Լադա Պրիորայից» իջել է նաև ուղևորը՝ Էդուարդ Զ.-ն, հավաքվածները ծեծի են ենթարկել «Լադա Պրիորայի» վարորդին և ուղևորին, ինքը նույնպես հարվածներ է հասցրել կարմիր շորով վարորդին: Դեպքի վայրում կրակոց չի լսել…

Խաչիկ Գաբրիելյանը խուլիգանության համար իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, որ ընկերների տատիկի հոգեհացին խոսակցություն է գնացել, թե նախորդ օրը Դերենիկի հետ վիճած տղաները նորից եկել են: Իրենք մի քանի հոգով դուրս են եկել, մեքենայով գնացել են Թամանյան փողոց:

Երբ տեղ են հասել, խառը վիճակ է եղել, չի բացառում, որ իրեն մի անգամ խփած լինեն, ինքն էլ խփած լինի: Հետո ամեն բան ավարտվել է, բոլորը հեռացել են…

Խուլիգանության համար իրեն մեղավոր չի ճանաչել նաև Գրիգոր Ասատրյանը: Նա հայտնել է, որ Թամանյան փողոցում, երբ «Լադա Պրիորայից» իջել է կարմիր շորով վարորդը՝ Ռոբերտ Հ.-ն, նրա ձեռքին գարեջրի շիշ կար: Նրան հարցրել են՝ շիշը ինչո՞ւ է ձեռքին, նա պատասխանել է՝ եթե մեկն իրեն վատ պահի, շշով խփելու է: Դրանից հետո խոսակցությունը վերածել է ծեծկռտուքի, հնչել են փոխադարձ հայհոյանքներ, ինքը կռվել է հենց վարորդի հետ: Վերջինս հայհոյանքներ տալով նստել է մեքենա, ինքը ձեռքերով հարվածել է նրա մեքենային: Տեսանյութը նայելիս նկատել է «Լադա Պրիորայի» հետևից կրակոց արձակող Բենոյին: Ինքը նախկինում Բենոյի մոտ ատրճանակ չի տեսել:

Բենիկ Գաբրիելյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատարանում հինգ ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել: Դերենիկ Գալստյանն ասել է, թե իրենք պաշտպանվել են: Կրակոցի մասին իմացել է Բենոյից՝ հարցրել է՝ ի՞նչ ձայն էր, Բենոն էլ ասել է, թե կրակել է, որ ցրվեն: Իրենք եղել են իրենց տանը, տատիկի հոգեհացի արարողությունն է եղել, նրանք են նախաձեռնել պարզաբանումը: Ինքը չի իմացել, որ Բենոյի մոտ զենք կա:

Արտակ Գալստյանը նույնպես պնդել է, որ իրենք չեն նախաձեռնել կռիվը: Բայց իրեն հարվածել են, ինքն էլ է հարվածել:

Խաչիկ Գաբրիելյանն ասել է, թե ինքը դեպքի վայր է գնացել՝ բաժանելու:

Գրիգոր Ասատրյանն ասել է, թե «Լադա Պրիորան» իր վրա են քշել, կրակոցի մասին իմացել է Բենոյից՝ նա ասել է, թե վախից է կրակել: Իրենք մարդկանց չեն խանգարել, երթևեկությանը չեն խոչընդոտել…

Բենիկ Գաբրիելյանն ասել է, թե ատրճանակն իր մոտ է եղել՝ մեկ շաբաթ առաջ էր գտել աղբանոցից, վախեցել է տանել հանձնելու: Այդ օրը ատրճանակը պատահաբար է պայուսակի մեջ եղել: Իր նպատակը դեպքի վայրում կռվողներին բաժանելն է եղել:

«Լադա Պրիորան» եկել է իր վրա, ինքը մտածել է՝ ուզում են իրեն մեքենայի տակ գցել: Կրակոցի նպատակը եղել է վախեցնելը՝ որ մեքենան քշեն-հեռանան: Եթե ցանկություն ունենար սպանելու, կսպաներ՝ այդ անձը կանգնած է եղել իր դիմաց: Կրակոցը կպել է մեքենայի «շթից» վերև: Կրակոցից հետո զենքը վախից դեն է նետել: Ինքը զենքին չի տիրապետում, բանակում չի ծառայել: Ստիպված է կրակել, մտքով էլ չի անցել ինչ-որ մեկին սպանել:

Գործով վկա Ռուբիկ Ի.-ն հայտնել է, որ դեպքի վայրում ինչ-որ մեկն ասել է. «Պանեխիդան հարամ էղավ»: Կրակոցի ձայն լսել է, բայց չի տեսել՝ ով կրակեց… Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել է, թե դեպքի վայրից հեռանալիս Բենոն ասել է.

«Տեսա՞ք՝ հենց կրակեցի, հեռացան»:

Գործով մի քանի վկաներ հայտնել են, որ համացանցից են իմացել Էջմիածնում հնչած կրակոցների մասին: Հետո իրենց ընկեր Բենիկն ասել է, թե ինքն է եղել կրակողը՝ կրակել է «Մակարով» ատրճանակով…

Դատարանը հաստատված է գնահատել առաջադրված մեղադրանքները:

Բենիկ Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել սպանության փորձի, ապօրինի զենք պահելու և զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 4-րդ մասով, և վերջին հաշվով դատապարտվել է 9 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունիսի 7-ից:

Դերենիկ և Արտակ Գալստյանները մեղավոր են ճանաչվել խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ու դատապարտվել են տուգանքի՝ 200 հազարական դրամի չափով:

Գրիգոր Ասատրյանն ու Խաչիկ Գաբրիելյանը նույնպես մեղավոր են ճանաչվել խմբի կազմում կատարած խուլիգանության համար, դատապարտվել են 500 հազարական դրամ տուգանքի, դատարանը այդ պատժին հաշվակցել է նախաքննության ընթացքում նրանց՝ կալանքի տակ գտնված ժամանակահատվածը, ու երկուսի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել տուգանք՝ 200 հազարական դրամի չափով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալների շահերի պաշտպանները: Նրանք պահանջում էին իրենց պաշտպանյալների՝ բոլորի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ՝ բեկանելով մեղադրական դատավճիռը:

Պաշտպանները վերաքննիչ դատարանում նշեցին, որ իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը նույնն է, միայն անուն-ազգանուններն են տարբեր, իսկ քրեական օրենքի համապատասխան հոդվածի բովանդակությունը արտատպված է մեղադրական եզրակացությունում: Մինչդեռ թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում անհնար է, որ մի խումբ անձանց գործողությունները տվյալ իրավիճակում բացարձակ նույնը լինեին. ստացվում է, որ հինգ անձ միևնույն ժամանակ հարվածել է տուժողին, «երջանիկ պատահականությամբ» բոլորն էլ հարվածել են մարմնի նույն մասին, նույն «երջանիկ պատահականությամբ» այդքանից հետո տուժողին պատճառվել են միայն թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Պաշտպաններն ընդգծել են՝ մեղադրանքները կոնկրետացված չեն, ինչի պատճառով խախտվել է իրենց պաշտպանյալների պաշտպանության իրավունքը՝ լրիվ ու ճշգրիտ տեղեկացված լինելու առաջադրված մեղադրանքի փաստական կողմին: Խախտվել է անձնական պատասխանատվության սկզբունքը:

Պաշտպանները նշել են՝ իրենց պաշտպանյալները որևէ դիտավորություն չեն ունեցել հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու: Եթե կատարվածի պատճառով որևէ մեկին անհանգստություն պատճառվել է, դա եղել է Գալստյանների ընտանիքը՝ խանգարվել ու խաթարվել են հոգեհանգստի ու հուղարկավորության արարողությունները: Ըստ բողոքների՝ խուլիգանական դրդումները տվյալ իրավիճակում բացակայել են, անձանց արարքները պայմանավորված են եղել նրանց հուզական վիճակով:

Բենիկ Գաբրիելյանի շահերի պաշտպանները, վիճարկելով սպանության փորձի մեղադրանքը, նշել են՝ այն, որ Բենիկը մեկ կրակոց է արձակել Ռոբերտի մեքենայի ուղղությամբ, երբևէ չի վիճարկվել ամբաստանյալի կողմից: Սակայն պարզապես կրակոց արձակելու հանգամանքը հաստատված համարելը հիմք չէ անձի արարքը սպանության փորձ որակելու համար, անհրաժեշտ է պարզել նրա դիտավորության ուղղվածությունը, պետք է ապացուցված լինի, որ կրակողը սպանելու ուղղակի դիտավորություն է ունեցել: Մինչդեռ Բենիկ Գաբրիելյանը Ռոբերտին սպանելու դիտավորություն չի ունեցել, իսկ մեկ կրակոց արձակելը նրա մեքենայի անվադողի ուղղությամբ նպատակ է հետապնդել կանխելու իրեն մեքենայի տակ գցելը:

Եթե Բենիկը Ռոբերտին սպանելու նպատակ ունենար, կսպաներ, երբ նա վիճաբանության ժամանակ կանգնած էր իր դիմաց: Ականատեսները ցուցմունքներ են տվել, որ Ռոբերտը մեքենան «անընդհատ հետուառաջ էր տալիս…», «մեքենան քշում էր մեզ վրա…», «երևի ուզում էր մեկնումեկիս ավտոյի տակ գցի, մի վնաս տա…»: Տեսանյութի մեջ նույնպես երևում է, որ Ռոբերտի կողմից մեքենան առաջին անգամ արգելակելու և արագ հետ քշելու արդյունքում մեքենայի հետևում կանգնածներից մեկը վախից պպզում է, իսկ Բենիկ Գաբրիելյանը այդ պահին կարծելով, թե Ռոբերտը մեքենան իր վրա է քշում, վախից արմունկով փակում է դեմքի հատվածը: Մինչ այդ Բենիկը վազում էր, որ նստի մեքենա ու հեռանա, բայց տեսնելով, որ Ռոբերտը երկրորդ անգամ է մեքենան կտրուկ կանգնեցնում՝ միգուցե նորից իրենց վրա քշելու համար, Բենիկը հանում է զենքը ու տուժողին կանգնեցնելու նպատակով կրակում է անվադողի ուղղությամբ…

Տուժող Ռոբերտ Հ.-ն գործի դատաքննության ընթացքում խուսափել է դատարան ներկայանալուց, ամբաստանյալները զրկված են եղել նրան հարցեր տալու իրավունքն իրացնելու հնարավորությունից:

Վերաքննիչ բողոքում շեշտվել է՝ տեսանյութից ակնհայտ է, որ Ռոբերտի մեքենան կանգնեցնելու նպատակով մեկ անգամ կրակելուց հետո Բենիկը այլևս զենքը չի բարձրացրել, ատրճանակի ձգանը չի սեղմել, տուժողին չի հետապնդել: Հետևաբար՝ անհիմն է խոսել սպանություն կատարելու ուղղակի դիտավորության մասին: Գործով հետազոտված ապացույցներով հաստատվել է, որ Բենիկ Գաբրիելյանը Ռոբերտին սպանելու հնարավորություններ ունեցել է, բայց չի օգտվել դրանցից, ինչը վկայում է սպանության դիտավորության բացակայության մասին: Ատրճանակի մեջ յոթ փամփուշտի առկայության պայմաններում նա միայն մեկ կրակոց է արձակել մեքենայի անվադողի ուղղությամբ ու իջեցրել է զենքը, այլևս չի կրակել…

Վերաքննիչ քրեական դատարանը Մ. Արղամանյան, Կ. Մարդանյան, Ա. Մնացականյան կազմով, մասնակիորեն բավարարեց Բենիկ Գաբրիելյանի շահերի պաշտպաններ Կ. Սարդարյանի և Ի. Օգանեզովայի վերաքննիչ բողոքները, մյուս պաշտպանների վերաքննիչ բողոքները մերժվեցին:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը Բենիկ Գաբրիելյանի մասով բեկանվեց ու փոփոխվեց: Բենիկ Գաբրիելյանը սպանության փորձի մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, արդարացվեց՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով Բենիկ Գաբրիելյանին մեղավոր ճանաչելն ու վերջին հաշվով 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտելը թողնվեց անփոփոխ:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունիսի 7-ից: Բենիկ Գաբրիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվեց, նա ազատ արձակվեց դատարանի դահլիճում:

Սպանության փորձի, զենքով կատարած խուլիգանության ու ապօրինի զենք կրելու համար 9 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտվածի համար դատարանի դահլիճում ազատ արձակվելը աննկարագրելի ուրախություն էր:

Մյուս ամբաստանյալների մասով առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվեց անփոփոխ: Սակայն Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ Դերենիկ Գալստյանը, Արտակ Գալստյանը, Խաչիկ Գաբրիելյանն ու Գրիգոր Ասատրյանը, որ մեղավոր էին ճանաչվել խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ու դատապարտվել էին 200 հազարական դրամ տուգանքի, ազատվեցին պատժից: