Հունիսի 19-ին ժամը 21:40-ի սահմաններում «աջ դաստակի շրջանի մակերեսի պատռած վերք, օտար մետաղական մարմին, աջ թենուրի մակարդակի, հավանաբար հրազենի գնդակից» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և մինչ նրան վիրահատարան տեղափոխելը նա բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկելու հետևանքով:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են նրա ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արմեն Բաղդասարյանն է:

Կարճ ժամանակում ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում Արցախյան խճուղի 45 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի դիմաց Ա. Բաղդասարյանի և Սյունիքի մարզի բնակիչ Տիգրան Խաչատրյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ պահվող հրազենով կրակել է և վնասվածք է պատճառել Ա. Բաղդասարյանին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկա) որդին է։

Եվ նաև օպերատիվ տվյալներ են ստացվել, որ միջադեպը հրահրվել է Տիգրան Խաչատրյանի կողմից, որը ավտոտեխսպասարկման կետում, ապա դրսում տևական ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ:

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր. օր.-ի 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետի որդին կռվից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի: