Հայտնի են դարձել Միխայիլ Խաչատուրյանի սկանդալային սպանության նոր մանրամասներ։ Քննությունը շոշափել է Խաչատրյան ընտանիքում հնարավոր մանկապղծության վարկածը, բայց մահացածի հարազատները հերքում են դա։ Sputnik Արմենիայի նյութում կարդացեք Միխայիլի մորաքրոջ բացառիկ մեկնաբանությունը։

Աուրելիա Դունդուկը՝ մայրը Խաչատուրյան քույրերի, որոնք դաժանաբար սպանել էին իրենց հորը անցած տարվա հուլիսին, հայտարարել է «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում, որ Միխայիլ Խաչատուրյանի կողմից իր երեխաների նկատմամբ մանկապղծության փաստն ապացուցված է քննչական փորձաքննություններով։ Նա նաև հաղորդել է նախկին ամուսնու դեմ հետմահու քրեական գործ հարուցելու մտադրության մասին։

Միաժամանակ, սպանվածի հարազատները պնդում են, որ մանկապղծության մասին գործը շինծու է, իսկ ԶԼՄ–ները օբյեկտիվորեն չեն լուսաբանում իրադարձությունները` պաշտպանելով աղջիկներին։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել 2018թ–ի հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել են, որ սպանել են իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել են իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։

Այդ ժամանակ քույրերը քննչական մեկուսարանում անցկացրել են երկու ամիս, գործը մինչև հիմա հետաքննում են։

Սպանվածի հարազատները շարունակում են պնդել, որ Միխայիլ Խաչատուրյանին զրպարտում են Աուրելիա Դունդուկի սադրանքով։ Ավելին, նրանք վստահ են, որ նա ծրագրել է և կազմակերպել սպանությունը իր դուստրերի ձեռքով։

Sputnik Արմենիայի խմբագրության հետ կապ հաստատեց Միխայիլ Խաչատուրյանի մորաքույրը` Ռիմա Սարգսյանը։ Նա, մասնավորապես, պնդում է, որ սպանության դրդապատճառ կարող էր լինել սովորական շահամոլությունը։

«Աուրելիան ցանկանում էր տիրանալ նրա ունեցվածքին», – ասաց նա։

Բնութագրելով իր քրոջ որդուն` նա ասաց, որ Միխայիլը շատ դրական մարդ էր, որը ճանճին անգամ չէր վնասի։ Այն հարցին, թե ինչպես է Միխայիլ Խաչատուրյանը ձեռք բերել իր ունեցվածքը, եթե, մորաքրոջ պնդմամբ, նա երբեք չի աշխատել, Սարգսյանը պատասխանեց, որ «նա հովանավորել է խանութներին»։

Միաժամանակ, Սարգսյանը պնդում է, որ նա շատ է սիրել աղջիկներին և նա նման նողկալի քայլերի ընդունակ չէր։ Նա հետևել է, որպեսզի աղջիկները «ձեռքից չգնան»։

«Նա ուզում էր Երուսաղեմում տուն գնել, որպեսզի այնտեղ տանի աղջիկներին, որպեսզի նրանք «մաքրագործվեին» Սուրբ հողում», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` ԶԼՄ–ները օբյեկտիվորեն չեն լուսաբանում իրադարձությունները` շեշտը դնել հօգուտ աղջիկների և նրանց մոր, որի հետ Միխայիլ Խաչատուրյանը ծանոթացել է հասարակաց տանը։

Նա նաև պնդում է, որ սպանված Միխայիլ Խաչատուրյանը կասկածել է իր հայրության մեջ միջնեկ և կրտսեր աղջիկների պարագայում և իբր ԴՆԹ անալիզի միջոցով պետք է փարատեր կասկածները. սպանության օրը պետք է ստանար արդյունքները։

«Միայն ավագն է մերը, մնացած երկուսի հարցում նա կասկածում էր։ Աուրելիան մշտապես փախնում էր։ Նրանք հորը ինչ–որ հաբեր են տվել սպանության օրը` քնեցնելու համար», – պնդում է Սարգսյանը։

Իսկ Աուրելիա Դունդուկը МК–ին տված հարցազրույցում պնդում է, որ բոլոր հիմնական քննչական գործողությունները տեղի են ունեցել և դրանք բոլորը աղջիկների օգտին են։

«Ինձ համար տհաճ է այդ մասին խոսելը, բայց սեռական ոտնձգությունների փաստերը հաստատվել են։ Անկողնային սպիտակեղենի ԴՆԹ փորձաքննությունը և աղջիկների ստուգումը խոսում են այդ մասին։ Հայրը ոչ միայն ծեծել է նրանց, այլ նաև բռնաբարել այն տարիներին, երբ ես նրանց կողքին չեմ եղել։ Ես բոլոր հարցաքննությունների ժամանակ եղել եմ Մարիայի հետ և մինչև հիմա չեմ կարող համակերպվել այն ամենի հետ, ինչ լսել եմ։ Չեմ ուզում բարձրաձայնել ամեն ինչ, բայց նա սարսափելի բաներ է արել», – ասել է Դունդուկը։

Դունդուկի խոսքով` Խաչատուրյանը հեռու է գնացել և ոտնձգություններ կատարել ոչ միայն դուստրերի, այլ նաև նրանց ընկերուհիների նկատմամբ։

«Նա նրանց վատ տեսանյութեր է ուղարկել։ Ընկերուհիներին նույնպես հարցաքննել են, ամեն ինչ հաստատվում է։ Սպանության օրը աղջիկների ոչ մի դավադրություն չի եղել։ Թեև Միխայիլի հարազատները պնդում են, որ աղջիկները հատուկ քնեցրել են հորը։ Միխայիլի արյան մեջ ասպիրինից բացի ուրիշ նյութեր չեն գտել», – ասել է նա։

Ամենի ինչից զատ, քննչական կոմիտեի փորձագետներն ուսումնասիրել են սպանվածի բժշկական քարտերը։ Պարզվում է, որ նա երկար տարիներ գտնվել է նյարդաբանական կենտրոնի հսկողության տակ։ Տառապել է անձի երկվությամբ և սեռական վարքագծի շեղումներով։

Միխայիլ Խաչատուրյանի ազգականները, որոնք մի քանի անգամ դիմել են Sputnik Արմենիային, շատ դժգոհ են, որ աղջիկներն ազատության մեջ են, իսկ «ԶԼՄ–ները նողկալի բաներ են տարածում նրա մասին»։

Նրանք ի սկզբանե պնդել են, որ սպանությունը տեղի է ունեցել ժառանգության և «հոր չափազանց խիստ դաստիարակության» պատճառով։

 Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am