Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության, գերմանական Հալլե քաղաքի Մաքս Պլանկ սոցիալ- մարդաբանական ինստիտուտների համատեղ արշավախումբը պեղումներ է կատարում Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղում: Այստեղ հայտնաբերվել է ամրոց-բնակավայր, որը թվագրվում է մ.թ.ա. 7-5-րդ դարերի: Հնագետները փորձում են պատասխաններ գտնել այն հարցերին, թե ինչ նշանակության է եղել ամրոցը և հարակից ինչպիսի կառույցներ է ունեցել:

Պեղումների առաջին տարում դա անել դժվար է, բայց արդեն հայտնաբերված հնագիտական նյութը պատկերացում տալիս է տվյալ ժամանակաշրջանի կառույցների ճարտարապետության և ծեսերի մասին: Բնակավայրի հազարամյակների պատմության վկաները Լեռնակերտում հայտնաբերված 2 ամրոցներն են, որոնք տեղացիները «վերի ու վարի» բերդեր են անվանում: Հնագետները պեղումները սկսել են վերի բերդում: Կիկլոպյան շարվածքով պարիսպների մնացորդները, միջնաբերդը, սա այն ամենն է ինչ անզեն աչքով էլ տեսանելի է: Հնագետներն ուսումնասիրում են, թե ինչ կառույցներ է ամրոցն ունեցել պարիսպների երկու կողմերում: Առաջին կառույցը, որ բացվել է կացարան է:

Ամրոցի ներսում տնտեսական նպատակների համար նման կառույցներ են եղել: Կենտրոնում անցքով, բաժակաձև քար է: Սա մ.թ.ա․ 7-5-րդ դարերի կենցաղային սարք է, իսկ թե ինչի համար է նախատեսված եղել, հնագետներն առայժմ միայն ենթադրություններ ունեն, որ նախատեսված է եղել տնտեսական նպատակների համար:
Կացարանում կատարված պեղումների արդյունքում համոզվել են, որ ամրոցը միաշերտ հնավայր է: Մշակութային այլ շերտեր չկան: Կացարանում հայտնաբերել են խեցեղենի մնացորդներ, իլիկներ, անգամ կաթնամթերքի վերամշակման համար նախատեսված անոթներ, որոնք վկայում են այն մասին, որ ամրոցի տարածքում խաղաղ բնակիչներ են ապրել ու կենցաղ վարել: Առայժմ ավելի բարդ է այս հնավայրում թաղման ծեսերի մասին տեղեկություններ ստանալը: Առայժմ ամբողջությամբ մեկ դամբարան են հնագետները պեղել, որտեղ ուղեկցող նյութեր չեն հայտնաբերել:

«Պեղված դամբարանը թալանված է եղել հնում: Մենք չենք կարող նշել, թե պեղված դամբարանը և ամրոցը համաժամանակյա են, թե ոչ: Դրա համար նախաձեռնեցինք երկրորդ դամբարանի պեղումները, որով պետք է փորձենք հասկանալ ամրոցի շրջակայքում կատարված թաղումների և հենց ամրոցի կապը: Ամրոցը միաշերտ հուշարձան է և կարող է թվագրվել մ.թ.ա․ 7-5-րդ դարերի »,- SHANTNEWS.am-ին ասել է Հայ-գերմանական արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բենիկ Վարդանյանը:

Ամրոցի ներսում նաև զոհասեղան է հայտնաբերվել: Մեծ ու տարբեր չափերի անցքերով քարը նախատեսված է եղել կենդանիների զոհաբերության համար: Մ.թ.ա․ 7-5-րդ դարերում կենդանիներին կապելու, իսկ զոհաբերելուց հետո արյունը հոսելու համար հատուկ անցքեր ու ելուստներ են կիրառել:

 Նյութի աղբյուրը՝ shantnews.am