ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկի թիվ 1 քաղաքային հիվանդանոցի բժիշկ Արսեն Հայրապետյանը վիրահատել է հազվագյուտ հիվանդությամբ երեխային, ում հրաժարվել էին վիրահատել արտասահմանցի բժիշկները:

4-ամյա փոքրիկ Մարտինը հիվանդանոցում ավելի հաճախ է լինում, քան տանը: Պատճառն այն է, որ նա ծննդյան օրից հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ է տառապում՝ Մարշալի համախտանիշով (պարբերական տենդ): 15 օրը մեկ բարձրանում է նրա ջերմությունը՝ հասնելով 40 աստիճանի, գրում է kp.ru-ն:

«2019թ-ի հունվարից որդուս վիճակն ավելի վատացավ: Ջերմությունը բարձրանում էր 5 օրը մեկ: Տարբեր միջոցներ էինք կիրառում, բայց ամենավատն այն է, որ ոչ ոք չէր կարողանում հստակ ախտորոշում տալ»,-պատմել է տղայի մայրը:

Ընտանիքը երեխային հետազոտության է տարել լավագույն հիվանդանոցներում, 4 անգամ՝ արտասահմանում, որտեղ բժիշկները բացատրել են, թե խնդիրն ինչումն է:

Ախտորոշումից հետո արտասահմանցի մասնագետները հրաժարվել են վիրահատել 4-ամյա Մարտինին, քանի որ վստահ չէին, որ վիրահատությունը կօգնի երեխային ազատվել տենդից:

«Արսեն Միքայելովիչը չորս տարվա մեջ մեզ հանդիպած միակ բժիշկն է, որն անմիջապես հայտնեց, որ կկատարի վիրահատությունը: Խնդիրը նույնիսկ ոչ թե բուն վիրահատությունն է, որը տևել է 30 րոպե, այլ այն վստահությունը, որով բժիշկը որոշեց օգնել մեզ: Հիվանդության դեմ պայքարի այս տարիների ընթացքում ես երբևէ չեմ հանդիպել մի բժշկի, որն այդքան վստահ ու փաստարկված խոսի… Ես անսահման շնորհակալ եմ, նա Աստծո կողմից ուղարկված բժիշկ է»,- շնորհակալական խոսք է հղել տղայի մայրը:

Նշվում է նաև, որ տղայի վիճակը վատացել էր այս տարվա հունվարին։ Տղան վիրահատվել է մայիսին։