«Առավոտից արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում. աղտոտված ջրերը պոչամբարից հոսել են դեպի Ողջի գետ: Պարո՛ն Պապիկյան, պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ կարող եք ասել»,- կառավարության նիստում, դիմելով նախարարներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առավոտյան մարզպետը զանգեց ու ասաց, որ գետի գույնը փոխված է: Բոլորը գնացել են դեպքի վայր՝ հասկանալու իրավիճակը: Տարածքը ցույց է տալիս, որ կարող է լինել Քաջարանի պղնձամոլիբդենայինից, բայց դեռևս հստակ չեմ կարող ասել՝ ո՞ր ընկերությունն է»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Բնապահպանական ու ընդերքի տեսչական մարմինն արդեն փորձանմուշներ է վերցրել: Եթե նշված տարածքն ավելի վերև է գտնվում, ապա Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից արտահոսքերն են, իսկ եթե կենտրոնում է, հնարավոր է՝ Կապանի նախկին հանքի արտահոսքը լինի: Այս պահին միայն դա կարող ենք ասել: Մեկ-երկու ժամվա ընթացքում պարզ կլինի»,- շարունակեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: