«Իրատես» թերթը գրում է. «Նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին վարչապետի գաղտնի հանձնարարականը, որով գործադիրի ներկայացուցիչներն արդեն մի քանի ամիս 1,5 մլն դրամ աշխատավարձ են ստանում, մեծ աղմուկ է հանել:

Բաց ու թափանցիկ քաղաքականություն որդեգրած կառավարությունը ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներից, փաստորեն, թաքցրել է, թե ինչքան է բարձրացրել «ժողովրդի սրտի նախարարների» աշխատավարձը:

«Իրատեսի» տեղեկություններով՝ աշխատավարձերի բարձրացման խնդրով նախարարներն անձամբ են դիմել Փաշինյանին, նա էլ ընդառաջել է։ «Կարծում եմ՝ նախարարների կողմից աշխատավարձերի բարձրացման պահանջ է եղել, որովհետև ոմանք հրաժարվել են մի քանի միլիոնանոց վարձատրությամբ աշխատավարձից ու համաձայնել են 650-700 հազար դրամ աշխատավարձով աշխատել: Այո, դա նույնպես մեծ թիվ է Հայաստանի պայմաններում, բայց պատկերացնու՞մ եք նրանց ծանրաբեռնվածությունն ու ոլորտի ընդգրկունությունը: Ամեն մեկը մի ինստիտուտ է ղեկավարում, ամենօրյա ռեժիմով բարդագույն որոշումներ ընդունում»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա ընդգծեց նաև, որ նախարարներն այնքան լավ պետք է վարձատրվեն, որ հարակից այլ բաների, օրինակ, բիզնեսի, կարիերայի մասին չմտածեն: Շեշտեց՝ որպեսզի նախարարները 7-օրյա ու 24-ժամյա ռեժիմով ոլորտի ղեկավարմամբ զբաղվեն, պետությունը պետք է պատրաստ լինի հոգալու նրանց սոցիալական կարիքները. «Եթե նախարարը մտածի հիփոթեք մարելու մասին կամ սոցիալական այլ հարցեր ունենա, բնական է, ձգտելու է այլ բանով էլ զբաղվել:

Եվ ոչ միայն նախարարները, պետական ապարատի ամբողջ աշխատակազմն արժանապատիվ սոցիալական երաշխիքներ պետք է ստանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: