Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, վրաերթ –ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Վարուժան Վ.-ն իր վարած Mercedes մակնիշի 001 AA 09 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի 24 հասցեի՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford մակնիշի 12 QQ 100 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթ-վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է. Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների և Ford-ի վարորդի ինքնությունը:

Դեպիք վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները աշխատում էին «Գծանշում» ՊՈԱԿ-ում և իրենց գործընկերների հետ նշված հատվածում երթևեկությունը կարգավորող նշաններ էին տեղադրում և կատարում գծանշման աշխատանքներ, իսկ բախման հետևանքով հատուկ սարքավորման մեջ լցված ներկը հարվածից լցվել էր աշխատակիցների վրա, այդ թվում՝ դեմքներին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում