Եվրոպայի խորհրդարանի մեծամասնությունը կազմող Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ է ընտրվել ԵԽ նախկին նախագահ Դոնալդ Տուսկը, որը ԵԽ նախագահի պաշտոնը թողեց օրերս: Նա փոխարինեց ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին: Տուսկի ընտրությունը տեղի ունեցավ Զագրեբում անցկացված ԵԺԿ համագումարում, որին մասնակցել է նաեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է:

Դոնալդ Տուսկի ընտրությունը Հայաստանի համար հատկանշական իրողություն է, մասնավորապես Տուսկի պաշտոնավարման վերջին այցերից մեկի ֆոնին, որը նա կատարեց Հայաստան:

Հայաստանում ԵԽ հեռացող նախագահը այցելել էր Սեւանավանք, որտեղ հայտարարեց, թե «այստեղ բաբախում է Եվրոպայի սիրտը»: Այժմ, Հայաստանում Եվրոպայի սրտի բաբախյունը արձանագրած Դոնալդ Տուսկը գլխավորում է Եվրոպայի ամենամեծ կուսակցությունը՝ ԵԺԿ-ն:

Քաղաքավարությու՞ն էր Տուսկի հայտարարությունը, թե՞ քաղաքականություն, կամ գուցե թե մեկը, թե մյուսը: Էականն այն է, թե ԵԺԿ նոր նախագահը ինչով է նպաստելու Եվրոպայի «մարմնի» ու «սրտի» ներդաշնակեցման գործընթացին իր նոր կարգավիճակում, որը փաստացի առավել անկաշկանդ կարգավիճակ է, մի շարք պարտավորություններից կամ արարողակարգերից զուրկ:

 Տուսկի հայաստանյան հայտը, որ նա ներկայացրեց հրաժեշտի տուրնեի ընթացքում, գործնականում ռեգիոնալ քաղաքական գործընթացներում Եվրոպայի խարսխատեղի արձանագրում էր, եվրոպական քաղաքականության համար կարեւորագույն հանգամանքի վերաբերյալ ակնարկ: Դոնալդ Տուսկը գործնականում արձանագրում էր Եվրոպայի համար լրջագույն ռազմավարական խնդիրներից մեկը:

Եթե տարիների ընթացքում ձեւավորվել է մտայնություն, որ Հայաստանը պետք է ձգտի Եվրոպա, Հայաստան այցի ընթացքում արած հայտարարություններով Տուսկը գործնականում ազդարարեց, որ Եվրոպայի համար եթե ոչ ավելի, ապա առնվազն ոչ պակաս կարեւոր խնդիր է ձգտել Հայաստան, որովհետեւ այստեղ է գործնականում վճռվում նաեւ եվրոպական անվտանգության ապագան:

Ոքանո՞վ կարող է ԵԽ նախկին եւ ԵԺԿ արդեն նոր նախագահը վերածել իր արձանագրումները քաղաքական գործընթացի: ԵԺԿ անդամ ՀՀԿ-ն այդ հարցում կօգնի՞՝ վեր կանգնելով ներքին քաղաքական կոնյունկտուրային հարցերից, թե՞ կխանգարի նրան՝ Տուսկի մոտ փորձելով լուծել ոչ թե Եվրոպայի, այլ Հայաստանի նախկին իշխող համակարգի սրտի հարցը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am