Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Միսակյանի նախագահությամբ ավարտվել է պատանի Հ. Խ.-ի գործի դատական քննությունը:

Մեղսագրված արարքի կատարման պահին Հ.-ն 15 տարեկան էր:

Նրան մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը դիտավորութամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 21-ի սահմաններում 15-ամյա Հ.-ն Գյումրիում գտնվող իրենց տնակում ականատես է եղել մոր հետ արտաամուսնական կապի մեջ գտնվող Ռ.-ի կողմից մորը հայհոյելուն ու ծեծելուն: Հ.-ն միջամտել է, Ռ.-ն նրան ևս հայհոյել ու հարվածել է: Ըստ մեղադրանքի՝ Հ.-ն միջանցքի պահարանից վերցրել է դանակն ու երկու անգամ հարվածել է Ռ.-ի կրծքավանդակի ու գոտկային շրջաններին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքի, հեմոթորաքսի, աջ գոտկային շրջանի ծակած-կտրած, որովայնի խոռոչ թափանցող վերքի ձևով:

Ամբաստանյալ Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Դատարանում նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում պատանի մեղադրյալը հայտնել է, թե Գյումրիում է ապրում՝ տնակում, մոր, եղբոր ու մեկ տարի առաջ ծնված քրոջ հետ:

Դեպքի օրը՝ 2018 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 21-ի սահմաններում իրենց տնակ է եկել մոր ընկերը՝ Ռ.-ն, որը հանդիսանում է մեկ տարի առաջ ծնված իր քույրիկի հայրը:

Իրենք հաց են կերել, որի ընթացքում մոր ու Ռ.-ի միջև վեճ է առաջացել: Նրանք մեկը մյուսին մեղադրել են դավաճանության համար:

Ռ.-ն ալկոհոլ օգտագործած վիճակում էր, սկսել է ձեռքերով հարվածել իր մորը, հայհոյանքներ է տվել մոր հասցեին: Ինքը, որպես տան մեծ տղա, միջամտել, պաշտպանել է մորը, փորձել է կանխել վիճաբանությունն ու բռնությունը, բայց մոր ընկերը իր հասցեին նույնպես հայհոյել է ու հարվածել է իրեն: Ինքը միջանցքի պահարանից վերցրել է սպիտակ բռնակով, սղոցանման դանակը, մտել է սենյակ, տեսել է, որ Ռ.-ն շարունակում է հայհոյել ու հարվածել մորը: Ինքը բռնել է նրա շորից, հետ է քաշել, որ մորը չխփի: Մայրը գրկել է փոքրիկ քրոջն ու տարել է ննջարան:

Ռ.-ն իրեն է հայհոյել ու հարվածել: Ինքը ձեռքի դանակով երկու անգամ հարվածել է Ռ.-ի կրծքին ու գոտկատեղին, հետո դանակը գցել է պահարանի տակ ու դուրս է եկել տանից: Ամբողջ գիշեր մնացել է դրսում: Հաջորդ օրն իմացել է, որ Ռ.-ին տարել են հիվանդանոց, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Տղան ասել է, թե վեճի ժամանակ Ռ.-ն ձեռքերով երկու-երեք անգամ հարվածել է իր կրծքավանդակի հետին շրջանին ու որովայնի ձախ մասին, իրեն պատճառել է ֆիզիկական ցավ, քերծվածք, արյունազեղում:

Տղան ասել է, թե դեպքից հետո հաշտվել է տուժող Ռ.-ի հետ, իրեն ծեծելու համար նրա դեմ բողոք չի ներկայացնում, չի ուզում, որ նա քրեական պատասխանատվության ենթարկվի: Իրեն ոչ ոք չի պարտադրել, որ չբողոքի, ինքն ինքնակամ է դա անում:

Տուժող Ռ.-ն հայտնել է, թե ապրում է ընտանիքի հետ, իսկ ամբաստանյալի մոր հետ գտնվել է արտաամուսնական կապի մեջ, այդ կապից 2017 թվականին ծնվել է իրենց դուստրը: Ինքը հաճախ է այցելել այդ տնակ՝ իր երեխային ու նրա մորն այցի:

Դեպքի օրը ինքը վերադարձել էր Թուրքիայից ու այցելել է իր դստերն ու նրա մորը: Նրանց տնակում գտնվելու ժամանակ իր հեռախոսին հաղորդագրություն է ստացվել, Հ.-ի մայրը խանդել է իրեն, ենթադրել է, թե ինքը ուրիշ կնոջ հետ էլ է շփվում, իրեն մեղադրել է դավաճանության համար:

Իրենք սկսել են վիճել: Ինքը բարկացել, հայհոյել է Հ.-ի մոր հասցեին, երկու անգամ ձեռքերով հարվածել է նրա դեմքին ու կրծքավանդակին, բռնել ու սեղմել է նրա կոկորդը:

Հ.-ն միջամտել է, սկսել է իրեն հրել: Ինքը ավելի է բարկացել, տղային երկու անգամ հարվածել ու հայհոյել է: Հետո Հ.-ն երկու անգամ դանակով խփել է իրեն… Դեպքից հետո ինքը հաշտվել է Հ.-ի ու նրա մոր հետ, Հ.-ից բողոք, պահանջ չունի, բուժման ծախսերի հատուցում չի պահանջում…

Հ.-ի մայրը հրաժարվել է որդու վերաբերյալ ցուցմունքներ տալուց:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ դեպքի պահին 15-ամյա պատանին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի եղել: Նա գտնվել է տագնապի, շփոթվածության, լարվածության սթրեսային հոգեվիճակում, որը կարող էր էական ազդեցություն ունենալ նրա գիտակցության ու հոգեկան գործունեության վրա:

Առգրավում կատարելու արձանագրության համաձայն՝ Հ. Խ.-ն դեպքի վայրում միջանցքի պահարանի աջ անկյունից հանել ու ներկայացրել է հանցագործության գործիք դանակը՝ սպիտակ բռնակով, կիսաժանգոտված շեղբով: Դանակն առգրավվել, իրեղեն ապացույց է ճանաչվել:

Դատարանը հաշվի է առել, որ Հ.-ն դեպքի պահին 15 տարեկան է եղել, նա ընդունել է մեղքը, զղջացել է, կամովին ներկայացել է իրավապահներին, ներկայացրել է հանցագործության գործիք դանակը, հանցավոր արարքի կատարումը պայմանավորված է եղել տուժողի հակաօրինական ու հակաբարոյական վարքագծով:

Դատարանը անչափահաս Հ. Խ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել է 2 տարի փորձաշրջան: