Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հուզիչ նամակով դիմել է ակումբի աշխատակիցներին, ֆուտբոլիստներին և երկրպագուներին:
«Ինձ համար մեծ պատիվ էր «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնելը:
Ցանկանում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել «Արսենալի» բոլոր երկրպագուներին, որոնք օգնեցին ինձ հասկանալ՝ որքան մեծ ակումբ է «Արսենալը»: Բոլորին, որոնք կանգնեցին թիմի կողքին այս ծանր շրջանում: Բոլորին, որոնք «Էմիրեյթս» ստադիոնում անձրևի տակ երկրպագում էին թիմին, որպեսզի հանդիպման ավարտից հետո մեզ ողջունելու հնարավորություն ունենան: «Արսենալում» աշխատել եմ ամբողջ ուժերով և առավելագույն նվիրվածությամբ:
Կցանկանայի ավելիին հասնել այս թիմում և ուրախություն պարգևել բոլոր երկրպագուներին:
Շնորհակալ եմ նաև «Արսենալի» բոլոր աշխատակիցներին իմ հանդեպ իրենց վերաբերմունքի համար: Այս ակումբի մեծությունը երևում է յուրաքանչյուր աշխատակցի մեջ:
Մասնավորապես, շնորհակալ եմ Իվան Գազիդիսին, որն առաջինն է ինձ դիմավորել «Արսենալում», Ռաուլ Սանյելիին, Էդու և Վինա Վենկատեշամաներին իրենց հարգանքի, ընկերական հարաբերությունների և օգնության համար: Մինչև վերջին պահը ես «Արսենալում» զգացել եմ հարգանք և անկեղծություն: Իհարկե, սրտանց շնորհակալ եմ նաև Կրոնկեների ընտանիքին վստահության համար:
Այս մեկուկես տարին լիքն էր զգացմունքներով, հրաշալի պահերով: Կային նաև դժվարություններ և դառը պահեր, սակայն ես ոչ մի օր չեմ դադարել մտածել, թե որքան հաջողակ եմ ես, քանի որ աշխատում եմ հենց այս ակումբում և մարզում եմ հենց այս ֆուտբոլիստներին:
«Արսենալի» ֆուտբոլիստները հարգում են այն համազգեստը, որը կրում են և արժանի են ձեր աջակցությանը:
Ես արդեն շատ բան եմ սովորել ֆուտբոլում, սակայն ինձ շատ դուր եկավ աշխատանքն այստեղ: Շատ բաներ բացահայտեցի Անգլիայում, Պրեմյեր լիգայում մասնագետների նկատմամբ հարգանքի և ֆուտբոլին նվիրվածության մասին:
Լավագույնն եմ մաղթում «Արսենալին»»,- Էմերիի նամակը փոխանցում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» Ունաի Էմերիին ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է նոյեմբերի 29-ին:
48-ամյա Էմերին «Արսենալում» աշխատանքը սկսել էր 2018 թվականի մայիսին: