Հայաստանը ստացել է Սու 30 բազմաֆունկցիոնալ կործանիչների առաջին խմբաքանակը, որոնք չորորդ սերնդի են և նոր արտադրված: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Տոնոյանը տարբեր առիթներով հայտարարել են, որ 2019 թվականի ընթացքում Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ թվով նոր սպառազինություն: Մեծ հաշվով, դա նշանակում է, որ 2020 թվականին Հայաստանը արտաքին քաղաքականության և ընդհանրապես պետականության առանցքային հարցում՝ Արցախի հարցում վարելու է կոշտ քաղաքականություն: Ի վերջո, դարձյալ հանգում ենք շատ պարզ բանաձևին՝ խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի:
Միաժամանակ, եթե ուզում ես պատրաստվել պատերազմի, պետք է բնականաբար առավելագույն արդյունավետությամբ օգտագործես խաղաղության յուրաքանչյուր օր: Այդ իմաստով, Հայաստանի ձեռք բերած աննախադեպ քանակի սպառազինությունը կարող է վկայել արդյունավետ օգտագործվող խաղաղության մասին:
Համենայնդեպս, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարն այդ տեսանկյունից տվել է իր շոշափելի արդյունքը: Այդ արդյունքը շատերը կհամարեն անբավարար, սակայն այստեղ անհրաժեշտ է դիտարկել կարևոր նրբերանգ՝ Հայաստանում թավշյա հեղափոխության ներքին, տնտեսական կապիտալիզացիան էապես պայմանավորված է այն հանգամանքով, թե այն ինչպես կկապիտալիզացնի արտաքին, անվտանգային ուղղությամբ, և մասնավորապես Արցախի հարցում:
Բանն այն է, որ անվտանգային հարցում հնարավորինս երկարաժամկետ հուսալիությամբ հավասարակշռության ապահովման, ըստ այդմ, պատերազմի էքզիստենցիալ ռիսկի հնարավորինս երկարաժամկետ կառավարման պարագայում է հնարավոր արդյունավետ միջավայր ստեղծել երկարաժամկետ տնտեսական ռազմավարության համար: Ահա այդ իմաստով, առերևույթ սպառազինության ոլորտում հեղափոխության կապիտալիզացիան գործնականում ուղիղ առնչություն ունի տնտեսական հեղափոխության գաղափարի կապիտալիզացիայի հետ, որովհետև Հայաստանում տնտեսական նպաստավոր սպասումների ձևավորման հարցում շատ կարևոր է անվտանգային դրական սպասումների ձևավորումը: Այդ առումով, 2019-ը ավարտվում և 2020-ը մեկնարկում է հուսադրող ազդակներով: Միաժամանակ, կառավարության համար այդ ազդակները արդեն խաղաղության էլ ավելի էֆեկտիվ ռեժիմ տեղափոխելու մեծ պատասխանատվությամբ: