Երգչուհի Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց)՝ հանրահայտ դիրիժոր ու ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը, Ինստագրամի իր էջում անդրադարձել է Դրեզդենի օպերայի սկանդալին: Հիշեցնենք, որ հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի պրոդյուսերական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որ Մանթաշյանին ամենամյա համերգային ծրագրից դուրս են թողել ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովի պահանջով: Դրեզդենի օպերան հերքել է այս տեղեկությունը:
Հրապարակելով իր և Էյվազովի համատեղ լուսանկարը՝ Սաթի Սպիվակովան նշել է, որ Սպիվակովի հետ համատեղ կյանքի 37 տարիների ընթացքում բազմիցս ականատես է եղել, թե ինչպես են մեծ արտիստները, այդ թվում՝ իր ամուսինը, դարձել անբարեխիղճ գործակալների, պրոդյուսերների, տնօրենների, քարտուղարների սադրանքների, ինտրիգների զոհերը, որի հետևանքով փլուզվել են ոչ միայն պայմանագրեր, այլ նաև բազմամյա ընկերական տանդեմներ:
Սպիվակովան նշել է, որ այս կեղտոտ ու մանր պատմությունում Մանթաշյանը զոհ է և ինքը ցանկանում է պաշտպանել Էյվազովին՝ հստակ իմանալով, որ նրան զրպարտել են: «Ես հայուհի եմ, նա՝ ադրբեջանցի, եւ եթե քաղաքական համատեքստում նայենք, մենք բարիկադների հակառակ կողմում կլինենք: Բայց ոչ մի արտիստի համար գործընկերոջ ազգային պատկանելությունը դեր չի խաղում: Բոլոր արտիստները մեկ անսահման երկրների՝ արվեստի քաղաքացիներն են», – նշել է նա: