«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունը դեռ չի մեկնարկել, սակայն, ըստ էության, այն չի խոստանում աշխույժ լինել: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ հանդիսացող ՀՀԿ-ն որոշել է չեզոք մնալ եւ չմասնակցել քարոզարշավին:
Այսինքն՝ երբեմնի իշխանական ուժը «ոչ»-ի քարոզարշավին չի մասնակցելու: Այս առնչությամբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Որեւէ որոշում եւ քննարկում չկա դեռ: Բնականաբար, «այո»-ի շտաբում չենք կարող լինել, իսկ «ոչ»-ի հետ կապված էլ կքննարկենք եւ կասենք»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս առումով չեզոքություն է պահպանելու եւ քարոզարշավին չի մասնակցելու նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, սակայն նա նշեց, թե չի քննարկել այդ հարցը պարոն Քոչարյանի հետ եւ չի կարող պատասխանել մեր հարցին: Ստացվում է` քարոզարշավին մասնակցող ուժերը քիչ են լինելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում