«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից:


Մասնավորապես, հանդիպումը նախաձեռնվել է հենց Փաշինյանի կողմից, որը ցանկացել է քննարկում ունենալ արդեն երեկվանից պաշտոնապես մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շուրջ: Մեր տեղեկություններով՝ հիմնական քննարկվող հարցը հենց քարոզարշավի ընթացքն է եղել՝ շտաբների ձևավորումը, քարոզչություն իրականացնողները և դրանց ձևերը, այսինքն՝ թե ինչպես պետք է տանել «այո»-ի քարոզը:

Հայտնի էր, որ հիմնական գործող անձինք Սուրեն Պապիկյանը, Սիփան Փաշինյանը և Հակոբ Սիմիդյանն էին լինելու, բայց երեկ պարզվել է, որ քարոզչությանն ակտիվ ներգրավվելու են նաև մարզպետները և վարչական շրջանների ղեկավարները: Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքը ևս մասնակցելու է քարոզարշավին, կհստակեցվի` ինչ գրաֆիկով և ձևաչափով, և կոչ է արել ակտիվ նախապատրաստվել: Եվ ուշագրավ է, որ բոլոր վարչական շրջանների ղեկավարները զբաղվելու են քարոզարշավով, բացի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանից. նրան թույլ չեն տվել:

Հիշեցնենք, որ Դավիթ Կարապետյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը լքած Հայկ Սարգսյանի մորաքրոջ թոռն է և վերջինիս «հոպար» է ասում: Ըստ ամենայնի, այս հանգամանքն է պատճառ դարձել, որ Կարապետյանին մեկուսացնեն հանրաքվեի աշխատանքներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: