ԱՄՆ-ում հեռարձակվող սերիալներ` հայկական կենցաղի եւ հայերի մասին, բարձր վարկանիշ, հեռուստադիտողի բուռն արձագանք և տեխնիկական նորագույն լուծումներ` USArmenia TV-ն շարունակում է իր հեռուստադիղողին ներկայանալ նոր նախագծերով: Ինչպե՞ս են դրանք նկարահանվում ԱՄՆ-ում, ի՞նչ դժվարությունների միջով են անցնում մինչև եթեր հասնելն ու որքա՞ն բյուջե է ծախսվել բարձր վարկանիշ գրանցած «Ինտրիգ» հեռուստասերիալի վրա:

Այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք այս յուրօրինակ նախագծերի ղեկավար, USArmenia TV-ի գլխավոր պրոդյուսեր Գեղամ Մարգարյանի հետ, ով Հայաստանում հայտնի է նաև որպես այնպիսի հանրահայտ հեռուստատեսային նախագծերի պրոդյուսեր, ինչպիսիք են հայկական առաջին հեռուստասերիալներից «Հարևանները», «Դժբախտ երջանկություն», «Վերադարձ», «Կյանքի գինը», «Դժվար ապրուստ», «Ոստիկաններ», «Եղբայրներ», «Բախտաբեր» ամենառեյթինգային հեռուստասերիալները, «Դիլ կամ Նո Դիլ», «Ֆորտ Բոյար» և այլ հեռուստաշոուները։

Զրույցի սկզբում անդրադարձանք օրերս ավարտված «Ինտրիգ» հեռուստասերիալին, որն ըստ պրոդյուսերի` այնքան է սիրվել, որ դերասանները մինչ օրս նամակներ են ստանում երկրպագուներից, որոնք պահանջում են, որ այն ունենա շարունակություն:

««Ինտրիգի» նկարահանումները ձմռանն ենք կատարել` հատուկ ընտրելով ձյունապատ տարածք: Սերիալում հանդես են եկել շատ հայտնի դերասաններ, որոնք այս պահին ԱՄՆ-ում են, նրանց թվում են` Զոհրապ Բեկ-Գասպարենցը, Անժելա Սարգսյանը, Դավիթ Թադևոսյանը և այլ ճանաչված ու սիրված դեմքեր»,-ասում է նա ու հավելում, -«Երբ սկսեցինք նկարահանել «Ինտրիգ»-ը, ոչ ոք չէր հավատում, որ հայկական շուկայում կարելի էր նման բարձր որակի հեռուստանախագիծ ստեղծել. դրա ծախսերը բավական մեծ էին, բյուջեն կազմել է 500 հազար դոլար, ինչը շատ բարձր ցուցանիշ է 26 մասից բաղկացած սերիալի համար:

 

Այն, իսկապես, նկարահանվել է շատ բարձր մակարդակով, օգտագործվել են նորագույն տեխնոլոգիաների վերջին միտումները, որոնք կիրառվում են նաև ամերիկյան նախագծերի ստեղծման մեջ, հատուկ ուշադրություն ենք դարձրել երաժշտությանը, որը գրել է հայտնի կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մարտիրոսյանը: Սցենարի հեղինակը Զոհրապ Բեկ-Գասպարենցն է, ռեժիսոր-օպերատոր` Մկրտիչ Մալխասյան: Գունային ձևավորումն ամբողջապես կատարվել է նորագույն տեխնոլոգիայով։ Առհասարակ, երբ նորամուծություն ես անում, մարդկանց դա սկզբում զարմացնում է, բայց այս դեպքում արձագանքները վկայում են այն մասին, որ հեռուստադիտողը մեծ հետաքրքրությամբ է հետևել նախագծին»:

Հեռուստատեսության մյուս երկու խոշոր հեռուստանախագծերն են` «Թշնամու անկողնում» և «Երազանքների երկիր» բազմասերիանոց ֆիլմերը: Հարցին, թե ինչ սկզբունքով են մտածվում պատմությունները, հարմարեցվում են հայկակա՞ն, թե՞ ամերիկյան մենթալիտետին, Գեղամ Մարգարյանը պատասխանեց.

«Հայկական մենթալիտետը նույնն է ամեն տեղ: Կարծում եմ` մեր ազգը հոգնել է կրիմինալից և մենք աշխատում ենք մեր եթերում չցուցադրել նման սյուժեով նախագծեր: Մարդկանց հիմա ավելի շատ գրավում են մեծ սիրո մասին պատմությունները, կապ չունի` Հայաստանում ես իրականացնում տվյալ նախագիծը, թե ԱՄՆ-ում, հայի մտածելակերպը նույնն է, նա ցանկանում է տեսնել սեր: Մեր հեռուստասերիալներից «Մեղրամիսը», որը նկարահանել ենք Հայաստանում, բավական մեծ վարկանիշ ունեցավ, և «Ուշացած սերը», որն ԱՄՆ-ում ենք նկարահաել, ունեցավ նույն հաջողությունը: Այսինքն` տարածաշրջանը ոչ մի կապ չունի այս դեպքում»:

Պրոդյուսերն անդրադարձավ նաև ֆիլմերում նոր դեմքերի ներառելու կարևորությանը.

«Իհարկե, դժվար է նոր դեմքեր գտնելը, բայց մենք ունենք այնպիսի փորձ, որ կարողանում ենք տեսնել մարդկանց մեջ դերասանական շնորհք և բացահայտել նրանց` սերիալներում ներգրավելով: Մենք հատուկ քասթինգ ենք հրավիրում, և այն անձինք, որոնք կյանքի բերումով չեն կարողացել դառնալ դերասան, բացահայտում են իրենց, և մի քանի պարապմունքից հետո արդեն կարողանում են բավական լավ ինքնադրսևորվել»:

 

Խոսել ենք նաև այն դժվարություններից, որոնց հայերը բախվում են օտար երկրում նկարահանումներ իրականացնելիս.

«Բնականաբար, օտար երկրում նկարահանումներ իրականացնելն ունի իր դժվարությունները: Ես Հայասանում բավական մեծ փորձ ունեմ սերիալներ նկարահանելու ոլորտում և մեծ փորձ եմ ձեռք բերել նաև ԱՄՆ-ում: Կարող եմ վստահորեն ասել, որ այստեղ անհամեմատ ավելի բարդ է: Հայաստանում դու երբեք խնդիր չես ունենում նկարահանման թույլտվություն ստանալու: Կարող ես խնդրել որևիցե մեկին իր մոտ նկարահանում իրականացնելու համար և այդ ամենը կատարվում է հենց այնպես, իսկ ԱՄՆ-ում դա նույնկերպ չես կարող իրականացնել, որովհետև գտնվում ես օտար երկրում, որն ունի իր օրենքները, որտեղ ամեն մի նկարահանման համար հատուկ թույլտվություն պետք է ձեռք բերել, վճարումներ կատարել: Իսկ անհրաժեշտության դեպքում նրանք պարտադիր ոստիկանության աշխատակից են ուղարկում, որի ամեն ժամը հաշվարկած է, այդ ամենը բավական մեծ գումարներ է կազմում»:

Հարցին` արդյո՞ք փորձ արվում է ամերիկյան շուկա մուտք գործելու, պրոդյուսերը պատասխանեց.

«Չեմ ուզում բացահայտել բոլոր գաղտնիքները, բայց անգլալեզու նախածեր էլ ենք նախատեսում մոտ ապագայում»:

USArmenia TV-ն օրերս նոր ռեալիթի շոու է ներկայացրել հեռուստադիտողին, որը հայ երգիչների մասնակցությամբ է:

«Նախագիծը կոչվում է «City of Angels»: Հատուկ նկարահանման համար հրավիրել էինք Անահիտ Սիմոնյանին:

Նախատեսում ենք նաև նոր հեուստասերիալի նկարահանումներ, որոնք կընթանան Հայաստանում: Վերջերս ավարտվեց «Երազանքների երկիր» հեռուստասերիալը, իսկ «Թշնամու անկողնում» բազմասերիանոց ֆիլմի զարգացումներին հեռուստադիտողը կարող է հետևել ողջ տարվա ընթացքում: USArmenia TV-ի նախագծերը Հայաստանում հեռարձակում է «Նոր Հայաստան» հեռուստաալիքը, իսկ եթերային թողարկումից հետո դրանք տեղադրվում են YouTube-ի մեր պաշտոնական ալիքում»: