Հոնկոնգի համալսարանի գիտնականները հայտնել են կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման եւս մեկ մեթոդի մասին: Նրանց խոսքով՝ ինֆեկցիայի դեմ պայքարին կարող է օգնել արյան շիճուկի փոխներարկումը, որը պարունակում է այս հիվանդությունից արդեն առողջացած մարդկանցից վերցված արյան հակամարմինները: Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը:
Չինացի մասնագետները փորձեր են կատարել սիրիական ոսկեգույն համստերների վրա՝ հաշվի առնելով նրանց օրգանիզմում ACE2 (անգիոտենիզինափոխարկերպող ֆերմենտ 2) սպիտակուցի կառուցվածքի նմանությունը մարդկայինին: Այս սպիտակուցը համարում են օրգանիզմի բջջի մեջ վիրուսի թափանցման ռեցեպտորը:
Վարակման առաջին շաբաթում կենդանիների մոտ կային ծանր ախտանիշներ, այդ թվում՝ թոքերի, շնչափողի, իմունային համակարգի եւ աղիների ախտահարում: Ժամանակի ընթացքում որոշ կրծողներ սկսել են առողջանալ. վերականգնվել է նրանց քաշը, իսկ արյան մեջ հակամարմիններ են հայտնվել:
Հետազոտողները առողջացած կրծողների արյան շիճուկներն օգտագործել են առողջ համստերին փոխներարկելու համար, այնուհետեւ նրան կորոնավիրուսով են վարակել: Պարզվել է, որ այս դեպքում օրգանիզմի վրա վիրուսային բեռը 10 անգամ ցածր է:
Փորձի ընթացքում նաեւ պարզվել է, որ վարակված կենդանիները կարող են առողջներին վարակել նրանց հետ նույն վանդակում գտնվելիս:
Հիմա գիտնականների խումբը սպասում է էթիկայի հարցերով կոմիտեի հավանությանը, որ նաեւ մարդկանց վրա հետազոտություններ կատարելու հնարավորություն ստանա: