Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմն ու հիվանդները միացել են Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով լուսավառության միջոցառմանը։ Հիվանդանոցի Ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում բժիշկներն ու մյուս բուժաշխատողները բջջային հեռախոսի լապտերները վառած դուրս են եկել հիվանդանոցի բակ, շղթա կազմել, հիվանդանոցի լուսամուտներից իրենց հեռախոսների լապտերներով նրանց են միացել պացիենտները։
Տեսանյութը վերնագրված է «Լուսավառ ոգեկոչման րոպե | 23 ապրիլի, 2020»
Հիշեցնենք, որ Երկար տարիներ ի վեր առաջին անգամ Հայաստանում Ցեղասպանության 1.5 մլն նահատակների հիշատակի օրվան նախորդող ավանդական ջահերով երթն այս տարի տեղի չունեցավ՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում հայտարարված արտակարգ իրավիճակի պատճառով:
Նահատակների ոգեկոչման արարողությունն այս տարի տեղի ունեցավ աննախադեպ ձեւաչափով: Ուղիղ ժամը 21.00-ին երեք րոպե ղողանջեցին Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերը, ինչից անմիջապես հետո անջատվեցին Երեւանի եւ մարզերի բոլոր փողոցների ու հրապարակների լույսերը: Քաղաքացիները նույն ժամին անջատեցին բնակարանների լույսերը եւ պատուհանների մոտ վառեցին մոմեր կամ միացրին հեռախոսի լույսը՝ այդպիսով միանալով կառավարության հայտարարած «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային:
Դրանից անմիջապես հետո Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Անմար կրակի մոտ հնչեց «Արի իմ սոխակ» օրորոցային երգը:
Ազդեցիկ եւ հուզիչ այս ոգեկոչման արարողությանը քաղաքացիները հնարավորություն ունեցան հետեւելու ուղիղ միացմամբ: