Հատվածներ Նոթինհեմի համալսարանի քաղաքական տեսության ամբիոնի դոցենտ Հյուգո Դրոշոնի հոդվածից, որը գրվել է Project Syndicate-ի համար:

COVID-19-ի համավարակի արդյունքում աշխարհի բնակչության ավելի քան կեսը ինքնամեկուսացել է: Եվ չնայած սահմանափակումները դանդաղեցրել են կորոնավիրուսի տարածումը, արդյուքնում տարածում է գտել մեկ այլ վտանգավոր երեւույթ ՝ դավադրության տեսությունները:

 

Ըստ դավադրության ամենահայտնի տեսություններից մեկի ՝ համավարակի համար մեղավոր են չինական արտադրության նոր 5G բջջային ցանցերը: Ըստ տեսության կողմնակիցների, 5G սարքավորումները ճառագայթում են արտանետում, որը թուլացնում է իմունային համակարգը կամ նույնիսկ անմիջապես փոխանցում է վարակը: Միացյալ Թագավորությունում այս տեսակետի կողմնակիցները պնդում են, որ Huawei-ի հետազոտական կենտրոնը, որը պատասխանատու է ընկերության արտադրանքը Մեծ Բրիտանիայում իրացնելու համար, գտնվում է համավարակի էպիկենտրոնում՝ Ուհան քաղաքում:

 

Այնպես է ստացվել, որ Ուհանում են գտնվում նաեւ այլ լաբորատորիաներ, եւ, ըստ վերջին հարցումների, ամերիկացիների 23%-ը եւ ֆրանսիացիների 17%-ը կարծում են, որ SARS-CoV-2 վարակը «դիտավորյալ» ստեղծվել է նրանցից մեկում:

 

Դավադրության տեսությունները հաճախ ճանապարհ են հարթում առկա քաղաքական պառակտումների համար եւ հատկապես գրավիչ են աջ ծայրահեղականների համար: Ֆրանսիայում վերոնշյալ հարցման մեջ Ազգային ճակատի ներկայացուցիչները երկու անգամ ավելի հավանական էին համարում այն կարծիքը, որ վարակը ստեղծվել է լաբորատորիայում: Մեծ Բրիտանիայում Huawei-ի հետ վարակը կապելու միտումը տարածված է Պահպանողական կուսակցության ներսում, որի անդամները կարծում են, որ ընկերությունը չինական կառավարության կողմից ուղարկված «Տրոյական ձի» է:


Դավադրության տեսությունները «արդյունավետ» են: Մեծ Բրիտանիայում մի շարք հեռախոսային գծեր (որոնք կարեւոր նշանակություն ունեն շտապ օգնության ծառայության համար) այրվել են, իսկ դրանց տեղադրման համար պատասխանատու ինժեներները ոտնձգությունների են ենթարկվել եւ մեղադրվել են «մարդկանց սպանելու մեջ»:

 

Այս տեսությունների մեծ մասը տարածվել է սոցցանցերի միջոցով, որոնք հեղեղվել են նոր օգտատերերով, այդ թվում՝ տարեց մարդկանցով, որոնք ընտանիքի եւ ընկերների հետ կապը պահում են թվային հարթակների միջոցով: Մեծանալով անպիսի մեդիա միջավայրում, որտեղ ավելի շատ էին պրոֆեսիոնալ կարծիքները, տարեցներն ավելի հակված են կիսվել կեղծ լուրերով եւ առցանց ասեկոսեներով: Խնդիրը բարդանում է նաեւ այն պատճառով, որ մարդիկ հակված են հավատալ այն հաղորդագրություններին, որոնք ստանում են այնպիսի մեկից, ում վստահում են:

 

Հայտնի մարդիկ նույնպես կարող են խնդիրներ առաջացնել: 5G-ի դավադրության տեսությունը տարածողներից մեկը դերասան Վուդի Հարելսոնն էր, որը Instagram- ում ունի երկու միլիոն հետեւորդ: Նախքան սոցցանցերի ստեղծումը, այդպիսի ապատեղեկատվություն կարող էր կանխվել խմբագրի կողմից կամ կասկածի տակ դրվել լրագրողի կողմից: Բայց այժմ հայտնի մարդիկ եւ հասարակական գործիչները կարող են անմիջականորեն կիսել իրենց չհիմնավորված եւ, հաճախ, չստուգված ենթադրությունները իրենց երկրպագուների եւ հետեւորդների հետ:

 

Թեեւ այնպիսի հարթակներ, ինչպիսիք են Facebook- ը, Twitter- ը, YouTube- ը եւ WhatsApp- ը, որոշակի խստացումներ են կատարել, այնուամենայնիվ նրանք շարունակում են հավատարիմ մնալ «կիսվող» բովանդակությունը խրախուսող բիզնես-մոդելին: Սենսացիաները հաղթում են:

 

Ավելի մեծ մարտահրավեր է սպասվում պատվաստանյութերին՝ միակ միջամտությանը, որն իսկապես կարող է վերջ տալ համավարակին:

 

Տասնամյակներ շարունակ «հակապատվաստումային» շարժման կողմից խթանված դավադրության տեսությունները (որոնց պաշտպանների թվում են նաեւ շատ հայտնի մարդիկ), ամենավտանգավորներից էին: Մանկական ստանդարտ պատվաստումների հետ կապված ենթադրյալ ռիսկերի վերաբերյալ կեղծ պնդումները հանգեցրել են կարմրուկի բռնկումների Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Նիգերիայում, Ռումինիայում, Սամոայում եւ Միացյալ Նահանգներում:

 

Հակապատվաստումային հիստերիան նաեւ հանգեցրել է եվրոպական որոշ երկրներում գրիպի դեմ ամենամյա պատվաստումների կտրուկ անկմանը՝ նպաստելով մահվան թվերի աճին: Իտալիայում եւ Ֆրանսիայում 2015 թվականին անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ բնակչության 30%-ը դեմ է պարտադիր պատվաստմանը: Այս երկու երկրներն ունեն COVID-19-ի հետեւանքով համեմատաբար ավելի բարձր մահվան ցուցանիշներ, քան հարեւան պետությունները:


Ամբողջ աշխարհում ծաղկում են ապրում պոպուլիստ առաջնորդները, ստվերում թողնելով մասնագետներին: Օրինակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ հրապարակայնորեն հակաճառել է ԱՄՆ Ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի հարգված տնօրեն Էնթոնի Ֆաուչիին: Դեռեւս 2018-ին պոպուլիստական կոալիցիան արհամարհեց Իտալիայի բժշկական մասնագետների կարծիքը եւ վերացրեց պարտադիր պատվաստումները երեխաների համար:

 

Ավելին, հայտնիների գործոնը կշարունակի վարակել օրակարգը: Մի քանի շաբաթ առաջ թենիսի աստղ Նովակ Ջոկովիչը հայտարարեց, որ «ոչ ոք չի ստիպվի նրան» պատվաստվել COVID-19-ի դեմ:

 

Ինչպես COVID-19-ի դեպքում, դավադրության տեսությունների դեմ ամենալավ պաշտպանությունը պատվաստումն է: Մարդիկ պետք է վարժվեն ճանաչել այդ տեսությունները, ստուգել համացանցում իրենց հանդիպող ինֆորմացիայի աղբյուրներն ու հիմնական տրամաբանությունը: Հանրային առողջապահության ոլորտի պատասխանատուներն ու պատասխանատու քաղաքական գործիչները մեծ ընդհանուր գործ ունեն անելու: Կորոնավիրուսը հաղթահարելու համար նրանց պետք է հասարակության վստահությունը, իսկ հաջողության հասնելու համար նրանք ստիպված կլինեն կանգնեցնել միանգամից երկու մահացու վարակ: