Տրանսպորտի թանկացումն ունի օբյեկտիվ պատճառներ, քանի  որ ամբողջ աշխարհում  ցանկացած զարգացում  տանում է դեպի որոշակի  ծառայությունների գների բարձրացման: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության  անդամ Վարդան Բոստանջյանը, հավելելով, որ  այդ ամենը  պետք է ուղեկցվի նաև եկամուտների աճով:

Նա նշեց, որ  գործունեություն ծավալողները  գերշահույթ են հետապնդում  և, ըստ բանախոսի, ուղեվարձի թանկացումը  միտում ունի գերշահույթը պահպանելու:

Ասուլիսին ներկա էր նաև ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, ով նշեց, որ պաշտոնատար անձինք ստախոսում են:  «Քաղաքապետարանի կողմից ներկայացված հաշվարկը հեգնանք է,  ծիծաղ և զավեշտ», - նշեց նա, հավելելով, որ տնտեսագիտական բացատրությունը բացակայում է, իսկ ներկայացրած փաստարկներն ահիմն են:

Ըստ նրա թանկացումները  պետք է լինեին, բայց ոչ 50 տոկոս: Բ. Ասատրյանի խոսքերով, սա ճգնաժամային երևույթ է և մեղավորն իշխանություններն են:

Անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ անցկացվող ակցիաներին, Վ. Բոստանջյանը նշեց.  «Ես չեմ հիշում այնպիսի հասարակական շարժում, որն  իր հետևից փոփոխություններ կբերեր», - նշեց նա, հավելելով, որ հասարակական շարժումը պետք է «կտրելու ատամ ունենա»:

Հակառակ տեսակետ արտահայտեց Բ. Ասատրյանը, նշելով, որ այն երիտասարդները, ովքեր հիմա դրսում բողոք են անցկացնում, հանդիսանում են երկրի ապագան: