Տրանսպորտի թանկացումն ունի օբյեկտիվ պատճառներ, քանի որ ամբողջ աշխարհում ցանկացած զարգացում տանում է դեպի որոշակի ծառայությունների գների բարձրացման: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, հավելելով, որ այդ ամենը պետք է ուղեկցվի նաև եկամուտների աճով:
Նա նշեց, որ գործունեություն ծավալողները գերշահույթ են հետապնդում և, ըստ բանախոսի, ուղեվարձի թանկացումը միտում ունի գերշահույթը պահպանելու:
Ասուլիսին ներկա էր նաև ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, ով նշեց, որ պաշտոնատար անձինք ստախոսում են: «Քաղաքապետարանի կողմից ներկայացված հաշվարկը հեգնանք է, ծիծաղ և զավեշտ», - նշեց նա, հավելելով, որ տնտեսագիտական բացատրությունը բացակայում է, իսկ ներկայացրած փաստարկներն ահիմն են:
Ըստ նրա թանկացումները պետք է լինեին, բայց ոչ 50 տոկոս: Բ. Ասատրյանի խոսքերով, սա ճգնաժամային երևույթ է և մեղավորն իշխանություններն են:
Անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ անցկացվող ակցիաներին, Վ. Բոստանջյանը նշեց. «Ես չեմ հիշում այնպիսի հասարակական շարժում, որն իր հետևից փոփոխություններ կբերեր», - նշեց նա, հավելելով, որ հասարակական շարժումը պետք է «կտրելու ատամ ունենա»:
Հակառակ տեսակետ արտահայտեց Բ. Ասատրյանը, նշելով, որ այն երիտասարդները, ովքեր հիմա դրսում բողոք են անցկացնում, հանդիսանում են երկրի ապագան: