Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԳՇ՝ արդեն նախկին պետ Արտակ Դավթյանին վերաբերող հարցին, ասաց. «Ճգնաժամը շատ դեպքերում իրար է խառնում մարդկային, ընկերական, պաշտոնական հարաբերություններ: Ես նախ ուզում եմ երջանկություն մաղթել բոլոր նորապսակներին, նաև՝ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն: Բայց գալիս է մի գիծ, որ արտակարգ դրության և երկրի ղեկավարի շուրթերից հնչած կարգադրությունները պետք է դառնան համընդհանուր բոլորի համար: Ես ցավում եմ, բայց երկրի շահը պահանջում էր կայացնել այսպիսի որոշումներ: Առավել ևս պետական կառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան ու անվերապահ կարգապահություն, որպեսզի մենք կարողնանք սեփական օրինակով քաջալերեն մեր հայրենակիցներին և օր առաջ հաղթահարել այս ճգնաժամը: Ես չեմ կարծում, որ հայ ժողովրդին ծառայություններ մատուցելու նրանց պոտեցիալը սպառված է, ուստի հնարավոր եմ համարում հետագայում այդ ներուժի ծառայեցումը ի շահ հայ ժողովրդի»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են ԱԱԾ պետը, ԳՇ պետը և Ոստիկանապետը:
Երեկ հայտնի էր դարձել, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի առանձնատանը կայացել է որդու բազմամարդ հարսանիքը: