Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ճիշտ է, որ «օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաև, որ Նաիրա Զոհրաբյանը համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի… պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էտա…, իրականությունն էտա…», եթե ճիշտ է, որ բացի Նաիրա Զոհրաբյանի խոստովանությունը փաստերով հաստատվել է, որ ԲՀԿ-ի ընտրություններն անցել են ընտրակաշառքով, պարզապես անհրաժեշտ է ԲՀԿ-ին դատել որպես իրավաբանական պատասխանատվության կառույց (չեմ կարողանում գրել «կուսակցություն»), և որպես կուսակցություն լուծարել: Չի կարող, չպետք է այդ կարգի կառույցը կուսակցություն կոչվել և որպես կուսակցություն մասնակցել Հայաստանի քաղաքական օրակարգերի ձևավորումներին: Առավել ևս, որ այդ խմբի «կուսակցականները» հավատարմության երդմնակալության գրավոր հավաստագրեր են հանձնել «կուսակցապետին»: Մարդկանց այդ խումբն անձին է ծառայել, ոչ թե երկրին: Նրանց «քաղաքականությունն» ուղղված է եղել երկրի քաղաքական, նյութական, հասարակական ռեսուրսներն անձին ծառայեցնելուն: Նրանք խախտել են Սահմանադրությունը՝ Սահմանադրության hոդված 94-ով «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»: ԲՀԿ-ի պատգամավորների մանդատները սահմանափակված են Ծառուկյանի հրամայական խղճով և համոզմունքներով: Սրանց «կուսակցություն» կոչելը մե՜ծ շռայլություն է:
Անկախ նրանից, թե ինչպես կորոշվի Ծառուկյանի անհատական ճակատագիրը, եթե նույնիսկ իրավապահ համակարգը որոշի, որ նա նորածին մանկան նման անմեղ է իր բիզնես գործունեությունում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն լինել չի կարող: ԲՀԿ անվան տակ հավաքված մարդիկ անհատին՝ Ծառուկյանին, ծառայողներ են, ոչ թե գաղափարի շուրջ միացած մարդիկ՝ կուսակցականներ: ԲՀԿ-ն որպես կուսակցություն պիտի լուծարվի:
Հասկանալի է, որ սա լրջագույն քաղաքական ճգնաժամ է: Առանց ԲՀԿ-ի ներկայիս ԱԺ-ն չի կարող գործել, այնտեղ առնվազն երկու ընդդիմադիր քաղաքական ուժ պիտի լինի: Բայց ձևացնել, որ այդ ուժերից մեկը կարող է ԲՀԿ անունը կրող մարդկանց խումբը լինել, թե՛ ինքնախաբեություն է, թե՛ հանցանք: Նրանք արդե՛ն խաբել են Հայաստանի ընտրողներին՝ որպես կուսակցություն ներկայանալով: Չի՛ կարող այս խաբեությունը շարունակվել: Իսկ խաբեությունը կշարունակվի, եթե ԲՀԿ-ն որպես կուսակցություն մնա ԱԺ-ում: Սա կնշանակի, որ ԱԺ-ն հավանություն է տալիս քաղաքական խաբեությանը:
Առանց այդ էլ հասարակության մեջ հասունանում է այն ցավոտ համոզմունքը, որ ՔՊ-ն կրկնում է մեկ անձին ծառայող մարդկանց խումբը կուսակցություն ներկայացնելու փորձը: Առավել ևս, որ 2018թ. ՔՊ ընտրությունը մեծ հաշվով մեկ անձի ընտրություն էր:
Ստեղծված իրավիճակում արդարն ու լավագույնն այն կլիներ, որ ԲՀԿ-ի լուծարման որոշում կայացվեր, և պառլամենտական ճգնաժամից դուրս գալ արտահերթ ընտրություններ նշանակելով: Վերջին երկու տարիներին բավական փորձ և գիտելիք է կուտակվել թե՛ կուսակցություններում (այդ թվում ՔՊ-ում), թե՛ հասարակությունում: Բայց դա կարելի է և պետք է անել դատա-իրավական համակարգը կարգի բերելուց հետո: Ներկայիս համակարգով որևէ ընտրություն պարզապես հնարավոր չէ անց կացնել, դա կվերաճի քաղաքացիական կռվի տանող անկառավարելի քաոսի»: