Վերջին շրջանում ավելի հաճախ է հաղորդվում կանանց մասին, որոնք իրենց հղիությունը չեն կռահել: Շոտլանդական Դանդի քաղաքից Դեյզի Յանգը նրանցից մեկն է: Նա մինչ ծննդաբերությունը չգիտեր, որ հղի էր:
2017 թվականին Դեյզին, որն այդ ժամանակ 19 տարեկան էր, ծնողներից հեռացել է եւ մեկնել Դանդի, որտեղ պատրաստվում էր պատմություն ուսումնասիրել: Երկրորդ տարում նա ուսումը թողել է եւ աշխատանքի ընդունվել ճաշարանում, մինչ նոր դասընթաց գտնելը, հայտնում է BBC-ն:
2020 թվականի հունիսի 9-ին աղջիկը դիմել է հիվանդանոց փորի մեջ տարօրինակ ջղակծկումների գանգատով: Բժիշկը ենթադրել է, որ նա, հավանաբար, հղի է, բայց ինքը՝ Դեյզին կարծում էր, որ դա անհնար է. նրա մոտ հղիության ոչ մի նշան չի եղել, ավելին՝ այս բոլոր ամիսներին դաշտանը կանոնավոր ընթացք է ունեցել: Նա մի փոքր գիրացել էր, բայց կարծում էր, որ դա ճաշարանում աշխատանքի հետեւանքն է:
Հետազոտությունները, սակայն, ցույց են տվել, որ նա իսկապես հղի էր. ավելին՝ հղիության 37-րդ շաբաթում էր եւ նրա մոտ ծննդաբերությունն արդեն սկսվել էր: Դեյզին մի քանի ժամ հետո տղա է ունեցել, որը կշռում էր 3 կգ, ում անվանակոչել են Էլայջեյ:
Տեղի ունեցածի պատճառով Դեյզին ապշահար էր. նրա խոսքով՝ մշտապես օգտվել է հակաբեղմնավորման միջոցներից եւ պատկերացում չունի, թե ով կարող է լինել երեխայի հայրը: Հիվանդանոցի աշխատակիցները նորածնի համար հագուստ եւ տակդիրներ են հավաքել, իսկ սոցիալական ծառայությունները զամբյուղ են տվել, որի մեջ երեխան սկզբնական շրջանում կարող է քնել:
Փոքր-ինչ ուշքի գալուց հետո Դեյզին հաղորդագրություն է ուղարկել մորը՝ Մեգիին, եւ հայտնել, որ հիվանդանոցում է: Նրանք վերջին անգամ հանդիպել էին մինչեւ կորոնավիրուսի պատճառով կարանտինի սահմանումը:
«Ես կսզբում մտածեցի, որ նա վթարի է ենթարկվել: Զանգահարեցի նրան, եւ նա ասաց, որ երեխա է ունեցել: Ես չէի կարողանում հավատալ: Իմ առաջին միտքն այն էր, որ ցանկանում եմ նրա կողքին լինել, նա այնտեղ բացարձակ մենակ էր, եւ այնքան հպարտ եմ նրանով: Ես շրջվեցի ամուսնուս՝ Գրեհեմի կողմը եւ պարզապես ասացի. «Ողջույն, պապիկ»: Պետք էր նրա դեմքը տեսնել»,- պատմել է Մեգին:
Մեգին հաջորդ օրը եկել է դստեր մոտ՝ թույլտվություն ստանալով խախտել կորոնավիրուսի պատճառով տեղաշարժման արգելքը:
«Քանի որ Դեյզին բավականին բարձրահասակ է, մենք որոշեցինք, որ երեխան կարող էր պառկած լինել նրա ողնաշարի երկայնքով, այդ պատճառով նրա մասին ոչինչ չի կռահել»,- ասել է Մեգին:
Նրա խոսքով՝ երեխան նման է Գրեհեմ պապիկին. նա նույնքան հանդարտ է ու թույլ:
Դեյզին հիմա փորձում է ընտելանալ իր նոր կարգավիճակին: Նրա խոսքով՝ երեխայի ծնունդն ամբողջությամբ փոխել է իր բոլոր ծրագրերը, բայց, չնայած դրան, ինքը երջանիկ է: