Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ դատական համակարգի պերճանքն ու թշվառությունը
Երեկ Սահմանադրական դատարանի դատավոր տիկին Ալվինա Գյուլումյանն ասել էր, որ եթե իր աշխատանքային պայմանագիրը նոր ընդունված օրենքով չեղյալ համարվի և իրեն ուղարկեն թոշակի, ինքն անպայման կդիմի ՄԻԵԴ և կվերականգնի իր իրավունքը: Շատ լավ է: Ես ի սրտե նրան հաջողություն եմ մաղթում:
Սա լավ հուշում է Հայաստանի հազարավոր քաղաքացիներին, որոնց աշխատանքային իրավունքներն աջ ու ձախ խախտվել ու խախտվում են և ովքեր չեն կարողացել/կարողանում վերականգնել իրենց խախտված աշխատանքային իրավունքները:
Ես կոնկրետ մի դեպք գիտեմ, երբ պետական համակարգի աշխատողը հանիրավի «կրճատվել է», քաղաքացին հասել է ՄԻԵԴ, վերականգնել է իր իրավունքը, բայց այդպես էլ չի վերականգնվել իր աշխատանքում, այսինքն՝ ՄԻԵԴ-ի վճիռը Հայաստանում չի կատարվել: Նրան համոզել են, պետական բյուջեյից վճարել են տարիների իր կորցրած աշխատավարձը, բայց աշխատանքը չեն վերականգնել: Շատ վատ է:
Նկարագրածս կոնկրետ դեպքում քաղաքացին անցել է ՀՀ դատական համակարգի բոլոր աստիճաններով՝ առաջին ատյան, վերքաննիչ դատարան, վճռաբեկ դատարան և այլն, որպեսզի հասնի ՄԻԵԴ դիմելու իրավունքին, ինչը տարիներ է տևել: Բայց արդյունքում նրա իրավունքը փաստացի չի վերականգնվել: Եվ նա միակը չէ: Հայաստանում վերականգնվում էին/են այն մարդկանց իրավունքները, ովքեր վայելում էին/են իշխանությունների և/կամ դատավորի բարեհաճությունը:
Ես հասկանում եմ տիկին Գյուլումյանին, թե ինչու է նա միանգամից խոսում ՄԻԵԴ-ի մասին: Նա իրավացիորեն չի վստահում Հայաստանի ողջ դատական համակարգին, համոզված է, որ «այստեղ դատարան չկա», ուստի չի ասում, որ իր իրավունքը վերականգնելու համար կդիմի Հայաստանի դատարանին: Խոսում է միանգամից ՄԻԵԴ-ի մասին:
Երեսուն տարի է, որ ՀՀ քաղաքացին չի վստահում Հայաստանի դատական համակարգին: Հայաստանի իրավական, այդ թվում դատական համակարգի որոշումների հիմքում ընկած էին/են ոչ թե օրենքն ու իրավունքը, այլ ընթացիկ իշխանությունների կամքը կամ/և դատավորի բարեհաճությունը: Հնարավոր է՝ կան բացառություններ, որոնք բացառության փաստով միայն հաստատում են օրինաչափությունը:
Այս ամենի մեջ ինձ համար կարևորը՝ որպես ՀՀ քաղաքացու, ՀՀ դատական համակարգի՝ իշխանությունների խամաճիկից օրինականության, ինքնուրույնության, ինքնիշխանության վերականգնումն է: Բայց ոչ, «վերականգնում» բառը տեղին է, եթե այն եղել է և կորսվել: Իմ գիտակից կյանքում այն երբեք չի եղել: Ես բազմաթիվ մարդիկ գիտեմ, և այդ մասին բազմիցս գրել եմ, ովքեր 1995-2000թթ. սեփականաշնորհման ակտիվ գործընթացների ժամանակ ծեծ ու ջարդով դուրս էին մղվում այս կամ այն հիմնարկի սեփականության իրենց մասնաբաժնին տիրանալու փորձերի համար, տարբեր ձևերով հալածվում էին, հետո դատարան էին դիմում և դատարանը՝ որպես կանոն, վճիռներ էր կայացնում «ուժեղների»՝ ծեծողների, հալածողների օգտին: Այսպես էր կայանում մեր «արդար դատարանը»:
Շատ կուզենայի հասկանալ, ըստ ՍԴ դատարանի՝ ՀՀ «արդար դատարանի» կայացմանը, որին իրենք իրավացիորեն չեն վստահում, չկա՞ր արդյոք նաև ՍԴ մեղքի մասնաբաժինը: Վերջ ի վերջո, մենք պետք է հասկանանք, թե ինչպես այս վիճակին հասանք, որպեսզի կարողանանք ուղղել ծռվածը: Թե՞ դատապարտված ենք միշտ նույնը կրկնելու, շարունակելու կախարդական շրջանին:
Հիմա ՍԴ-ն իրեն հալածյալ է զգում և ճիշտ ժամանակն է բազմաթիվ փակագծեր ու չակերտներ բացելու: Հանուն Հայաստանի Հանրապետության և արդար դատարանի կայացման»: