Շուրջ հինգ ամիս է՝ Հայաստանը պայքարում է ողջ աշխարհում մեծ տարածում գտած նոր կորոնավիրուսային համավարակի դեմ։ COVID-19–ի դեմ պայքարի բեռի մեծ բաժինը ընկած է բժիշկների և առհասարակ բուժանձնակազմի ուսերին։ Այս ընթացքում հայտնի դարձավ, որ առանձին բարերարներ դրամական փոխանցումներ են կատարել ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բացված պետական հաշվեհամարին, այլև գումարներ են ուղղել Covid 19 վիրուսով հիվանդների բուժումն իրականացնող առանձին բուժհաստատություններին՝ բժիշկների պարգևատրման նպատակով։

Հանրությանը, անշուշտ հետաքրքրում է, թե այս ընթացքում պետության կողմից, բացի աշխատավարձերից դրամական ի՞նչ աջակցություն են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկները՝ հատկապես միջին և կրտսեր բուժանձնակազմը, որոնք օր ու գիշեր ծանր աշխատանք են կատարում՝ սպասարկելով հազարավոր հիվանդների։ NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների միջին և կրտսեր բուժանձնակազմի (նրանց թիվը շուրջ 2041 է) պարգևավճարների համար չորս ամիսների ընթացքում (մարտի 1–ից հունիսի 11–ը) հատկացվել է ընդհանուր՝ 687 մլն 518 ՀՀ դրամ, այսինքն՝ բուժաշխատողը միջինում ամսական ստացել է շուրջ 84.000 ՀՀ դրամ, հարկերը պահելուց հետո մոտ 63.000 ՀՀ դրամ։ Պարգևատրումների մեջ ներառված են նաև ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի միջին և կրտսեր անձնակազմը, ինչպես նաև Երևանի շտապօգնության աշխատակիցները։


Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ պարգևատրման ֆոնդը տրվել է առողջապահության նախարարի հրամաններով տարբեր ժամանակահատվածների համար՝ սահմանված դրույքային հաստիքներին համապատասխան գործակիցներից և ծանրաբեռնավածությունից ելնելով։ Համապատասխան պարգևատրման հրամաններում ընդգրկվել են նաև տեխնիկական աշխատանք իրականացնող աշխատակիցները։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին 2020 թվականի երկրորդ եռամսյակում պարգևավճարների ֆոնդից 100 մլն ՀՀ դրամ է փոխանցել համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, այդ թվում Երևանի շտապօգնության աշխատակիցներին։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը NEWS.am–ին հայտնեց, որ պարգևատրված աշխատակիցների թիվը շուրջ 2000 է, այսինքն՝ համայնքային ենթակայության բուժհիմնարկի աշխատողը Երևանի քաղաքապետարանից միջինում ամսական ստացել է մոտ 17.000 ՀՀ դրամ, իսկ հարկերը պահելուց հետո՝ մոտ 12.500 ՀՀ դրամ։

NEWS.am–ի հետ զրույցում «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին առաջին օգնություն ցուցաբերելու աշխատանքներում ներգրավված շտապօգնության բժիշկները ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար ամեն ամիս ստացել են 100-150 հազար դրամ պարգևավճար։ Նշենք, որ մեկ ամիս առաջ էլ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը շտապօգնության ծառայության 1346 բուժաշխատողի, որոնց թվում են բժիշկներ, բուժքույրեր, բուժեղբայրներ ու վարորդներ տրամադրել է շուրջ 150 մլն ՀՀ դրամի աջակցություն, այսինքն՝ յուրաքանչյուր բուժաշխատող Հիմնադրամից ստացել է շուրջ 110.000 ՀՀ դրամ։

NEWS.am–ի տեղեկություններով՝ Հիմնադրամը աջակցությունը ոչ թե տրամադրել է «Շտապօգնություն» ՓԲԸ–ին, այլև պահանջել է աշխատակիցների տվյալները և փոխանցում կատարել անմիջապես բուժաշխատողների հաշվեհամարներին։

Նշենք, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում քաղաքապետարանի 122 աշխատակիցների պարգևատրման համար հատկացվել է 47 մլն դրամ գումար, այսինքն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը միջինում ամսական ստացել է 128.000 ՀՀ դրամ, որը մոտ 7,5 անգամ ավելի բարձր է քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բժշկական հաստատությունների բուժանձնակազմի միջին ամսական պարգևավճարից։

Քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ` այդ թվում բաժնի պետեր, վարչության պետեր, գլխավոր մասնագետներ, ստացել են 100.000- 840.000 ՀՀ դրամ պարգևավճար։ 840.000 ՀՀ դրամ պարգևավճար են ստացել քաղաքապետի խորհրդականը, արտաքին կապերի վարչության պետը, շինարարության և բարեկարգման վարչության պետը, կոմունալ տնտեսության վարչության պետը, քարտուղարության պետը, սոցիալական ապահովության վարչության պետը և քաղաքապետի մամուլի քարտուղարը։