Երևանի քաղաքապետարանը քննարկումներ է անցկացնում մանկապարտեզների վերաբացման ժամկետների վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Քաղաքապետարանը համապատասխան ստորաբաժանումներում ներկայումս քննարկումներ է անցկացնում համայնքապատկան մանկապարտեզների վերաբացման ժամկետների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվում նաև հակահամաճարակային իրավիճակից աշխատանքի կազմակերպման որոշ դետլաների: Այլ մանրամասների և հետագա քայլերի մասին տեղյակ կպահենք»,- նշեց Կարապետյանը:
Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն։
Բուհերում դասերի վերսկսման ժամկետներն այլ են՝ սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից: