Քիչ առաջ փրկարարները փլատակներից դուրս բերեցին ևս մեկ քաղաքացու: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 56-ամյա տղամարդ է: Նրան պատգարակով մոտեցրին շտապօգնության մեքենային, մարմինն ամբողջությամբ ծածկված էր :
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Դեպքի վայրում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Մինչ այս փլատակների տակից դուրս էր բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։
Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը (արական սեռի, մոտ 50 տարեկան)՝ ծայրահեղ ծանր: