«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շուտով կսկսեն Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները: Հայաստանում տիրող ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ընտրական օրենսգրքի շուրջ աշխատանքներն ընդհատվել էին, իսկ մինչ այդ էլ դրանք դանդաղել էին՝ կորոնավիրուսով պայմանավորված:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն մի քանի օր է, ինչ վերսկսել են Ընտրական օրենսգրքի քննարկումները, ընդ որում՝ աշխատանքներն ընթանում են նախապատերազմականից ավելի ինտենսիվ կերպով, եւ փորձ է արվում ավելի արագ ավարտել սկսված աշխատանքները:
Նկատենք, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը վերսկսել էր ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հանրային քննարկումների՝ համավարակի պատճառով ընդհատված շարքը եւ դրանք կազմակերպել առցանց եղանակով օգոստոսին: Մինչեւ պատերազմը տեղի էր ունեցել մի քանի հանրային քննարկում:
Իսկ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին էլ տեղի էր ունեցել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հանձնաժողովը հաստատել էր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը: Իսկ ի՞նչ փոփոխություններ էին առաջարկվում. առաջին հերթին ամրագրվում էր բարեգործության արգելքը ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը ժամանակահատվածում, քրեականացվելու է թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: