Ադրբեջանի իշխանության մարմինները շարունակում են Հայաստանի սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող արարքները (հիմնավորումներ կոնկրետ գործոններով):
Մասնավորապես, Հայաստանի Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ գյուղեր տանող, այսինքն՝ խաղաղ բնակավայրեր իրար կապող միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցի զինվորականները տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, ինչպես նաև ադրբեջանական դրոշներ:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես վերջին օրերին զայրույթի ու անհանգստության ահազանգեր է ստանում Կապան քաղաքի, ինչպես նաև Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ, Շիշկերտ գյուղերի բնակիչներից՝ կապված այդ ցուցանակի հետ: Նույնը վերաբերում է նաև դրոշների տեղադրմանը ճանապարհի այդ հատվածներում: Պաշտպանին անհրաժեշտ տեղեկություններ է ներկայացնել նաև Կապան համայնքի ղեկավարը:
Այդ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են ահազանգեր այն մասին են, որ Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը դիտավորություն ունի կոպտորեն ոտնահարելու իրենց ֆիզիկական անվտանգության ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքները, խախտում են երեխաների շահերը: Դրանք ցուցադրաբար թիրախավորում են խաղաղ բնակիչներին ու գրեթե ամենօրյա կրակոցների հետ միասին դա ավելի է մեծացնում լարվածությունը հայաստանյան այդ գյուղերում:
Այս ահազանգերից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ու կենտրոնական ստորաբաժանումներում անմիջապես նախաձեռնվել է մանրամասն ուսումնասիրություն: Տեղում կատարվել են դիտարկումներ, ինչպես նաև մի շարք քննարկումներ բնակիչների հետ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն Ադրբեջանի իշխանության մարմինների այս քայլերն անհրաժեշտ է համարում դիտարկել առնվազն հետևյալ գործոնների տեսանկյունից.
(1) Ադրբեջանում շարունակվում է կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը,
(2) Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները հայ ժողովրդի մասին բացահայտորեն խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության, ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող լեզվով,
(3) Ադրբեջանում հնչում են Հայաստանի դեմ նոր պատերազմի բացահայտ կոչեր, այդ թվում՝ երկրում հանրային ճանաչում ունեցող ու նույնիսկ իրավապաշտպան ներկայացող անձինք,
(4) ուղեկցվում է Հայաստանի Կապան համայնքի նշված գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականներն արդեն մեկ ամսից ավելի է գրեթե ամեն օր արձակում են կրակոցներ փոքր ու խոշոր զինատեսակներից, այդ թվում՝ լինելով հարբած վիճակում, ինչպես դիտարկել են գյուղացիները,
(5) Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին առկա են ադրբեջանական զինվորականներ՝ զինված մարդիկ,
(6) Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը, որի շրջանակներում տեղադրվել են նման ցուցանակներ ու ադրբեջանական դրոշներ, հայտնվել են ադրբեջանական զինվորականներ, ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ու վտանգներով, հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին ու իրավունքերի գերակայությանը, հետևաբար՝ չունի իրավական ուժ,
(7) Ադրբեջանի զինված ուժերը հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ հատկապես 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ու դրանից հետո կատարել են խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք ու պատերազմական այլ հանցանքներ:
Ուստի, ակնհայտ է, որ Ադրբեջանի զինվորականների նշված քայլերն արվել են ՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները ոտնահարող, նրանց բացահայտ ահաբեկող եղանակով (առաջին հերթին` երեխաներ, կանայք): Այս վիճակը չի կարող որևէ կերպ նպաստել խաղաղությանը տարածաշրջանում, միայն առաջացնում է լարվածություն, ոտնահարում է խաղաղ բնակիչների միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու շահերը:
Այս փաստերի վերաբերյալ հաղորդումներ ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին (անհրաժեշտ ապացույցներով): Առանձին հաղորդումներ կուղարկվեն նաև միջկառավարական կազմակերպությունների հատուկ մեխանիզմներին:
ՄԻՊ Արման Թաթոյան