«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում մարտի 19-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների փաթեթը վրդովմունք է առաջացրել դատական համակարգի ներկայացուցիչների մոտ: Բանն այն է, որ այս փոփոխություններով նախ նոր լիազորություններ են տրվել Բարձրագույն դատական խորհրդին, որը կատարվել է ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ, եւ, բացի այդ, արվել են փոփոխություններ, որոնք, դատավորների խոսքով, կարող են իրենց համար զսպաշապիկ հանդիսանալ:
Մասնավորապես, դատավորներին անհանգստացրել է այն դրույթը, համաձայն որի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից եւ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու հնարավորություն կունենան նաեւ քաղաքացիները: Ընդ որում, հստակեցված չէ, թե դա որ փուլում կարող է կատարվել, ինչը ենթադրում է, որ դատավարության ցանկացած փուլում նման գործողությունը հնարավոր է:
Այսինքն` արդարադատություն իրականացնող դատավորներին առավել ակտիվ քաղաքացիները կկարողանան վերցնել վերահսկողության տակ` դրանից բխող բոլոր վատ հետեւանքներով: Հավելենք, որ խորհրդարանում այս փոփոխությունները քննդատել էին ինչպես ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ անկախ պատգամավորները:
Եւ այս նախագիծը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կյանքի չի կոչվի: Այն բողոքարկվելու է Սահմանադրական դատարանում, որտեղ, ըստ շատ իրավաբանների, փշրվելու է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում