Բելառուսում պետական հեղաշրջման և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ նախապատրաստվող մահափորձի մասնակիցները խոստովանել են իրենց մեղքը: TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նրանց խոստովանական ցուցմունքների կադրերը հրապարակել է բելառուսական ОНТ հեռուստաալիքը:
«Ես ինձ մեղավոր եմ ճանաչում դավադրությունում մասնակցության համար», – ասել է քաղաքագետ Ալեքսանդր Ֆեդուտան:
Նման խոստովանություն են արել նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Գրիգորի Կոստուսևը և իրավաբան Յուրի Զենկովիչը:
Ապրիլի 17-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ ընդդիմադիր գործիչ Գրիգորի Կոստուսևը, քաղաքագետ Ալեքսանդր Ֆեդուտան և իրավաբան Յուրի Զենկովիչը մահափորձ էին նախապատրաստել իր և իր որդիների դեմ: Բելառուսի նախագահը մահափորձի կազմակերպման մեջ մեղադրել էր ամերիկյան հատուկ ծառայություններին և ԱՄՆ ղեկավարությանը:
Այնուհետև Մոսկվայում Անվտանգության դաշնային ծառայության կողմից ձերբակալվել էին ԱՄՆ-ի և Բելառուսի քաղաքացիություն ունեցող Զենկովիչը և Բելառուսի քաղաքացի Ֆեդուտան: Ըստ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ նրանք պլանավորում էին ռազմական հեղաշրջում իրականացնել տեղացի և ուկրաինացի ազգայնականների միջոցով, ինչպես նաև ֆիզիկապես ոչնչացնել Բելառուսի նախագահին: Ռազմական հեղաշրջումը պետք է իրականացվեր Մինսկում մայիսի 9-ին՝ Հաղթանակի շքերթի ժամանակ:
Ըստ բելառուսական հատուկ ծառայությունների՝ նախապատրաստվող հեղաշրջումը ֆինասնավորվում էր արտասահմանից, դավադիրները սերտ կապի մեջ էին ահաբեկչական խմբավորումների հետ: Մշակվել էր իշխանության զավթման առնվազն 3 սցենար: