Անգամ փչացած ժամացույցը օրը երկու անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս, բայց փչացած ժամացույցը անհասանելի բարձունք է Հայաստանի իշխանությունների համար, որոնք համառորեն շարունակում են սխալվել ամեն հարցում:

Դեռ ապրիլի 22-ին հայտնի դարձավ, որ Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանով /За заслуги перед Отечеством/: Պարգևատրումից անմիջապես հետո խաղաղապահների ղեկավարը գնացել է Բաքու ու շատ ջերմ ընդունելության արժանացել, նրան ընդունել են գրեթե բոլոր ուժայինների ղեկավարները և դեռ ավելին՝ Մուրադովի բոլոր ցանկությունները, մասնավորապես՝ ռուս խաղաղապահների օգտին հետ նահանջը սահմանի վրա, առանց առարկությունների կատարել են: Նման ջերմ ընդունելությունից հետո Մուրադովը վերադարձել է Երևան, հետո մեկնել Ստեփանակերտ, պարզվում է՝ Երևանում ոչ մի պաշտոնյա կամ զինվորական անգամ չի շնորհավորել ռուս գեներալին:


Շատ տարակուսելի փաստ, հատկապես եթե հիշենք իշխանությունների խոսքերը, թե իրենք Մուրադովի ամեն թռիչքի ժամանակ գերիներ ստանալու հույս ունեն: Ասում են՝ Հայաստանում ոչ մի մարդ անգամ ուղիղ շփում չունի նրա հետ, նույնիսկ վարչապետը ադյուտանտի միջոցով է կապ հաստատում, ստացվում է, որ չունեն և ունենալ էլ չեն ցանկանում տարրական հարաբերություններ, անգամ չեն փորձում հաստատել՝ ի տարբերություն ադրբեջանցիների:

Դատելով վերջին օրերի մերձկրեմլյան գործիչների գրառումներից, ռուսները վրդովված են Եվրոպայի հետ Հայաստանի
հերթական խաղերից, մեզ ասացին՝ անգամ բարձր մակարդակում հեգնել են, թե՝ տեսնենք ԵԽԽՎ-ի բանաձևը ու Բայդենի ելույթը քանի գերի հետ կբերի:

Ինչպե՞ս է ստացվում, որ մենք ամեն անգամ սխալ ընտրություն ենք անում, քծնում ենք ու համաձայնվում ամեն ինչին, երբ պետք չէ, ասենք՝ բանավոր դիրքեր ու գյուղեր հանձնում և խրտնում ու խրոխտ դիրք ընդունում, երբ մեր շահերը հակառակն են պահանջում, ասենք՝ Պուտինին օդանավակայանում դիմավորելը կամ Մուրադովի հետ ընկերություն անելը:

Ե՞րբ ենք մենք դիվանագիտությունը մեր օգտին կիրառելու, ի վերջո, առաջին պատերազմում նվաճածը կորցրեցինք հենց սխալ դիվանագիտության պատճառով:

Նյութի աղբյուր՝  hraparak.am