«Փաստ» օրաթերթը գրում է «Նաիրիտ» քիմիական գործարանը պարբերաբար հայտնվում է լուրերի կիզակետում: Մեկ խոսվում է գործարանում հնարավոր օտարերկրյա ներդրումների ու դրա՝ ողջ թափով վերագործարկման, մեկ գործարանի տարածքից սարքավորումների մասնակի վաճառքի մասին: Օրերս էլ հերթական անգամ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Նաիրիտի» աշխատակիցները: Նրանք պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերը: Նշում էին, որ չեն ստացել մոտ 6-7 ամսվա աշխատավարձ: Պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, անգամ կարծիք հայտնում, որ նրան ճիշտ չի զեկուցվում իրենց խնդիրը: Աշխատակիցներից մեկն էլ ասաց՝ տպավորություն ունի, որ միայն իրենք են երեսուն տարի պայքարում, որպեսզի այս գործարանը «կուլ չտան»: Գործարանի աշխատակիցներին ընդունել էր Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, խոստանալով, որ օրերս բոլոր շահագրգիռ գերատեսչությունների, մասնավորապես նախարարությունների և տարբեր կառույցների հետ գործարանի հարցով կլինի աշխատանքային քննարկում, որին կհրավիրվեն նաև աշխատակիցները։ Վերջիններս որոշեցին սպասել զարգացումներին և, եթե խնդիրը չլուծվի, ապա ուղղակի ոտք չեն դնի գործարանի տարածք, իսկ դա նշանակում է, որ «Նաիրիտի» անվտանգության հարցը կմնա օդից կախված։

«Փաստի» հետ զրույցում «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը նշում է, որ աշխատակիցներն այս պահին երկու պահանջ ունեն՝ աշխատավարձերի վճարում և գործարանի անվտանգության հարցի լուծում: «Յոթ ամիս է՝ մարդկանց աշխատավարձ չի վճարվել, խոսքը մոտ 250 աշխատակցի մասին է: Եթե խոսենք թվերով, մոտ 150 միլիոն դրամից մի քիչ ավելի գումարի չվճարման հետ գործ ունենք: Ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ապա գործարանի տարածքում մոտ 25 հազար տոննա պայթյունավտանգ նյութ կա: Կարելի է ասել, որ գործարանի աշխատողներն են վերահսկում, ուշադրության կենտրոնում պահում այն, որպեսզի որևէ բան չպատահի, մասնավորապես՝ նյութերը չվնասվեն, ռեժիմի տակ լինեն: Այսինքն՝ ոչ թե պահակային աշխատանքներ են տանում, այլ արտադրական»,- ասում է Թադևոսյանը:


Ինչ վերաբերում է գործարանի սարքավորումների վաճառքի լուրերին, նա նշում է, որ հիմնական արտադրությունների սարքավորումները հիմնականում ձեռք տված, վնասված չեն: Անդրադառնալով այն ասեկոսեներին, թե պետությունը մտադիր է գործարանի վաճառքից ստացված գումարով մարել աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը և արդյոք նաիրիտցիները համաձայն կլինեն այս տարբերակին, արհմիության նախագահն այսպես է արձագանքում. «Իսկ ո՞վ է աշխատակիցների կարծիքը, համաձայնությունը հարցնում: Մենք ցանկանում ենք, որ գործարանն ամբողջ թափով աշխատի, ո՞վ դա չի ուզի: Խոսակցություններ կան, որ ներդրողներ են հայտնվել, բայց այս առումով ևս հստակ տեղեկատվություն չունենք»,-եզրափակում է Հրաչ Թադևոսյանը:


Հ. Գ. Մայիսի 14-ին կառավարությունում «Նաիրիտի» հարցով խորհրդակցություն է տեղի ունեցել, որին հրավիրել են նաև գործարանի սնանկության կառավարչին, որը, սակայն, գործարանի արհմիության նախագահի խոսքով, ներկա չի եղել այդ հանդիպմանը: «Կոլեկտիվի անդամները ևս ներկա չեն եղել այդ քննարկմանը, սակայն Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը հեռախոսազանգի միջոցով ինձ ասաց, որ քննարկումներ, հանդիպումներ էլի են լինելու, որոնց նաև մենք կմասնակցենք: Սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի»,-«Փաստին» փոխանցեց «Նաիրիտի» արհմիության նախագահը:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում