«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Յուրաքանչյուր ընտրությունից առաջ ՀՀ քաղաքական դաշտում հայտնվում են տարբեր երկրների մշտական բնակիչներ, որոնք իրենց ողջ կյանքում ապրում և գործունեություն են ծավալում ապահով Ռուսաստանում, բայց ընտրությունից ընտրություն հիշում են իրենց հայրենիքի մասին, վերադառնում «հյուրախաղերով» և մեր երկիրը օրհասական արհավիրքից փրկելու հայտ ներկայացնում։ Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ առաջինը ներկայացրեց գործարար Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը, որն անգամ սպիտակ վրաններ էր տեղադրել Բաղրամյան պողոտայում և 44 օր ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին, սակայն իր հայտարարությունից երկու ամիս անց Փաշինյանը դեռ նույն պաշտոնն է զբաղեցնում։
Մյուս հայտնված փրկիչը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է, որն այս օրերին ՀՀ-ում է և փրկության անտեսանելի ճիգեր է գործադրում։ Մեկն էլ ՀԴԿ-ի հետ դաշինք կազմած Տիգրան Արզաքանցյանն է, որը եկել է էլի փրկության հայտով, քանի որ Հայաստանի «անդունդը վտանգված է» (մեջբերումն իրենն է)։ Բայց բոլորիս համար էլ հասկանալի է, որ նրանց՝ Հայաստան գալը, մեծադիր պաստառներով մայրաքաղաքը ողողելը ժամանակավոր բնույթ է կրում, և անհաջողությունից հետո կվերադառնան սիրելի Ռուսաստան, կշարունակեն ապրել ապահով՝ մոռանալով մեզ պատուհասած վտանգների մասին»։
Մանրամասները՝ թերթի համարում: