«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանի նշանակման գործընթացից: Ինչպես հայտնի է, վերջինս Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ ստորագրած 44 պաշտոնյաներից մեկն էր:

Բանն այն է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ բոլոր խորհրդանշական 44 զինվորականներին ՊՆ վերնախավն իր մոտ է հրավիրում, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով: Եվ, իհարկե, այդ առաջարկությունների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում նոր պաշտոնը: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ ՊՆ-ում ներքին քննարկումներ են եղել, եւ շատերն այնքան էլ համակարծիք չեն եղել այն տեսակետի հետ, որ Ասրյանին պետք է նոր պաշտոնի նշանակել:


Առհասարակ, ՊՆ-ում դեմ են այդ հայտարարության տակ ստորագրածներին նոր պաշտոնների նշանակելու տարբերակի հետ, քանի որ ակնհայտ կլինի, որ կաշառում են: Բայց դե խնդիր է դրված նրանց դժգոհությունը որեւէ կերպ մեղմել: Եվ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Էդուարդ Ասրյանը միակ գեներալը չէ, որ պաշտոն է ստացել. այլ գեներալներ եւս, որոնք ստորագրել էին Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ, առաջիկայում նոր պաշտոն կստանան»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում