Եվրոպական խորհուրդը խստորեն դատապարտում է Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հարկադրված վայրէջքը, որը վտանգի է ենթարկում թռիչքների անվտանգությունը, ինչպես նաեւ լրագրող Ռոման Պրոտասեւիչին եւ Սոֆյա Սապեգիին բերման ենթարկելու փաստը: Այդ մասին ասված է ԵՄ առաջնորդների հայտարարություն մեջ,

Եվրոպական խորհուրդը


• պահանջում է անհապաղ ազատել Ռոման Պրոտասեւիչին եւ Սոֆյա Սապեգիին, եւ ապահովել նրանց տեղաշարժման ազատությունը;

• կոչ է անում քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն անհապաղ հետաքննել աննախադեպ եւ անընդունելի միջադեպը;

• առաջարկում է Խորհրդին հնարավորինս արագ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ;

• կոչ է անում Խորհրդին ձեռնարկել հավելյալ հասցեական տնտեսական պատժամիջոցներ եւ առաջարկում է Գերագույն ներկայացուցչին ու Հանձնաժողովին անհետաձգելի ժամկետներում ներկայացնել առաջարկներ այդ նպատակով;

• կոչ է անում ԵՄ-ում տեղակայված բոլոր փոխադրողներին խուսափել Բելառուսի երկնքով թռիչքներից;

• կոչ է անում Խորհրդին ձեռնարկել անհրաժեշտ միջոցները բելառուսական ընկերություններին ԵՄ տարածքով թռիչքներ կատարելու արգելքի համար եւ մերժել ԵՄ օդանավակայաններում հասանելիությունն այդ ավիաընկերությունների իրականացրած թռիչքների համար;

• համերաշխություն է դրսեւորում Լատվիայի նկատմամբ լատվիացի դիվանագետներին անհիմն արտաքսելուց հետո;

• Եվրամիությունը կշարունակի զբաղվել այդ հարցերով»,-նշվում է Եվրամիության անդամ երկրների գագաթնաժողովի արդյունքում:

Ryanair-ի ինքնաթիռը, որը թռիչք էր կատարում Աթենք-Վիլնյուս երթուղով, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Միսնկի օդանավակայանում ականապատման մասին հաղորդագրությունների պատճառով: Ինքնաթիռում գտնվել է Nexta տելեգրամյան ալիքի հիմնադիրներից մեկը՝ Ռոման Պրոտասեւիչը, որին Բելառուսի իշխանությունները համարում են ծայրահեղական: Պրոտասեւիչին բերման են ենթարկել: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ մի քանի հոդվածների հատկանիշներով, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում: Բերման է ենթարկվել նաեւ նրա ընկերուհին՝ ՌԴ քաղաքացի Սոֆյա Սապեգան: