«Արմավիա» ավիաընկերության տապալումն ու սնանկացումը մեծ կորուստ կարելի է համար Հայաստանի համար, առավել ևս այն պարագայում, որ հարևան երկրներն ունեն իրենց ազգային ավիաընկերությունները, այդ թվում` Ադրբեջանը` լրիվ նորացված ավիապարկում ունի սեփական 22 ինքնաթիռ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային Խորհուրդի ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ում դիտարկմամբ` այնպիսի երկիր, ինչպիսին Հայաստանն է, ազգային ավիափոխադրող չունենալն անընդունելի է, քանի որ Հայաստանը սփյուռքաշատ երկիր է, գտնվում է պատերազմական իրավիճակում, իսկ Սիրիայում արդեն պատերազմներ են:

«Ո՞ր մի Open SKY-ին գնաս ասես արի քո 50 հազ տեղանոց ինքնաթիռը դիր վտանգի տակ ու մեր հայրենակիցներին Հայաստան բեր Սիրիայից: Մենք պետք է պարտադիր մեր սեփականն ունենանք, իսկ «Արմավիան» երկար տարիների ձեռքբերում էր, և կորցնելը բոլորի մեղքով եղավ»,- իր խոսքում նշեց Սաֆարյանը` հավելելով, որ պետք է սկսել ներքին ուղևորափոխադրումների ստեղծումից:

Այս առիթով Հայաստանում նորաստեղծ ընկերություն SKY NET-ը պատրաստվում է իրականացնել ուղևորություններ Հայաստանի սահմաններում` Երևան-Գորիս, Երևան-Մեղրի, Երևան-Եղեգնաձոր և այլն: Ընկերության տնօրեն Գրիգորի Վարդանյանն ասաց, որ ընկերությունն ունի մեկ ինքնաթիռ, որը ձեռք է բերվել Նոր Զելանդիայից, և պատարաստվում է նաև իրականացնել հարսանեկան, բժշկական, տուրիստական ավիափոխադրումներ:

Վարդանյանը հայտնեց, որ ինքնաթիռն արդեն փորձարկվել է: Դրանով կատարվել է մեկ հարսանեկան նպատակով ավիափոխադրում: Ավիաըներության մեկ թռիչքային ժամը կազմում է 1680 ԱՄՆ դոլար, որը կբաժանվի ինքնաթիռի 19 տեղերի միջև, և կախված կլինի ուղևորության ժամանակահատվածից:

Օրինակ, ըստ Վարդանյանի փոխանցման, Գյումրու ուղևորությւնը կտևի մոտ 20 րոպե:

Իսկ Երևան- Բաթումի, Երևան- Թեհրան, Երևան- Թբիլիսի չվերթները մեկ անձի համար, ամենայն հավանականության, կարժենան 44 հազար դրամ:

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է ընկերությունը պատրաստվում իրականացել չվերթներ այն դեպքում, երբ Հայաստանի օդանակայանները վերանորոգման կարիք ունեն, Վազգեն Սաֆարյաննը պատասխանեց, որ շուտով արդեն Կապանի օդանավակայանը պատրաստ կլինի չվերթներ իրականացնելու, իսկ մյուս օդանավակայաններն էլ ժամանակի ընթացքում կվերանորոգվեն: Նա վստահեցրեց, որ ՀՀ-ն կողմ է, որ ազատականացվեն ավիացիոն փոխադրումները, որի արդյունքում կզարգանա ներքին և արտաքին տուրիզմը:

Ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովի ներկայացուցիչ Իզաբելլա Մուրադյանն էլ նկատեց, որ Հայկական ավիացիայի ամենալուրջ խնդիրներից մեկը սեփական պարկ չունեննալն է: Մուրադյանը կարծիք հայտնեց, որ Մաքսային միությանն ընդառաջ լավ կլինի, որ Հայաստանը համագործակցի իր գորընկերների հետ: Համեմատելով Հայաստանի ավիացիոն ոլորտը մեր հարևան երկրների հետ, նա մատնանշեց, որ այս ոլորտում ՀՀ-ն ամենահետ կանգնած է, քանի որ, օրինակ, Վրաստանում գոյություն ունեն 44 ինքնաթիռներ, որոնք սպասարկում են 10 ավիաընկերություններ: