Եթե մոլորակի վրա ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը շարունակվի նույն տեմպով, ապա բեւեռներում սառցե վահանները եւ օվկիանոսի հոսանքները անընդհատ կխախտեն հավասարակշռությունը՝ փոխադարձաբար ազդելով միմյանց վրա: Դա կհանգեցնի դոմինոյի էֆեկտի եւ կփոխի Երկիր մոլորակի բնակիչների գրեթե կեսի կյանքը, հայտնում է Planet-Today-ը՝ վկայակոչելով Գերմանիայում կլիմայի ազդեցության հետազոտությունների Պոտսդամի ինստիտուտի աշխատանքը:
Կլիմայագետները համակարգչի օգնությամբ մոլորակի ներկա կլիմայական իրավիճակի զարգացման երեք միլիոն տարբերակներ են ստեղծել: Դրանց գրեթե 30%-ը հանգեցնում է դոմինոյի էֆեկտի: Ավելին, դրա առաջացման համար բավական է, որ Երկրի վրա միջին ջերմաստիճանը բարձրանա ընդամենը 2°C-ով` նախաինդուստրիալ մակարդակի համեմատ:
Անտարկտիդայում եւ Գրենլանդիայում սառցե վահանների հալոցքը կհանգեցնի անվերադարձ կետի: Դրանք ատլանտյան հոսանքների սառեցման պատճառ կդառնան, ինչը կհանգեցնի արեւադարձային շրջաններում տեղումների քանակի նվազման: Եւ Ամազոնի անտառները կվերածվեն սավաննայի: Ընդհանուր առմամբ, այս բոլոր փոփոխությունները արդեն առաջիկա տարիներին կարող են անդառնալիորեն փոխել աշխարհի բնակչության 40%-ի կյանքը: Առաջին հերթին դա կանդրադառնա ափամերձ տարածքների բնակիչների վրա: