Եվրոպան պետք է պատրաստվի կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ևս մեկ մահացու ջերմային հարվածի, ասվում է երկուշաբթի հրապարակված ընդարձակ զեկույցում, որտեղ նշվում է, որ Եվրոպայում, որտեղ աշխարհի ամենաարագ աճող տաքացումն է նկատվում, անցյալ տարի 2,3 աստիճանով ավելի շոգ է եղել, քան նախաարդյունաբերական ժամանակներում:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Եվրամիության «Կոպեռնիկուս» կլիմայի փոփոխության ծառայության զեկույցում խոսվում է երաշտի, ծովի մակերեսի ռեկորդային ջերմաստիճանի և սառցադաշտերի աննախադեպ հալման մասին:

Մայրցամաքը, որը կրկնակի գլոբալ տաքացում է ունեցել 1980-ականներից ի վեր, անցած տարի ունեցել է իր ռեկորդային ամենատաք ամառը, մինչդեռ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, գրանցել են երբևէ եղած ամենատաք տարին:

1800-ականների կեսերից ի վեր աշխարհը տաքացել է միջինը գրեթե 1,2°C-ով՝ առաջացնելով եղանակային էքստրեմալ իրադարձությունների ավերիչ կասկադ, ներառյալ ավելի ինտենսիվ շոգեր, որոշ շրջաններում ավելի սաստիկ երաշտներ և փոթորիկներ, որոնք էլ ավելի կատաղի են դարձել ծովի մակարդակի բարձացման հետեւանքով:

Առավել շատ տուժել են բնակչության առավել շատ խոցելի շերտերը և աշխարհի ամենաաղքատ երկրները, որոնք քիչ բան են արել՝ զսպելու հանածո վառելիքի արտանետումները, որոնք նպաստում են ջերմաստիճանի բարձրացմանը:

Այնուամենայնիվ, ազդեցությունները դառնում են ավելի ծանր ամբողջ աշխարհում, հատկապես արագ տաքացում է տեղի ունենում հյուսիսային կիսագնդի շրջաններում և բևեռների շրջակայքում:

Ըստ The State of Europe's Climate 2022 զեկույցի, մայրցամաքի ջերմաստիճանը 1991-ից մինչև 2021 թվականը 30 տարվա ընթացքում բարձրացել է 1,5 աստիճանով:

Զեկույցում ասվում է, որ անցյալ տարի շոգից զոհվել է ավելի քան 16,000 մարդ, ջրհեղեղներն ու փոթորիկները կազմել են եղանակային և կլիմայական ծայրահեղությունների հետևանքով 2 միլիարդ դոլարի վնասի մեծ մասը: