Հունիսի 15-ին, կեսգիշերն անց, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ հատվածի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա մի տղամարդ:

ՀՀ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ խումբը հիվանդանոց էր մեկնել, սակայն տուժողն ի վիճակի չէր եղել հաղորդում տալու: Կրիմինալ դեպքերի մատյանում նշված էր, որ նա Բաշինջաղյան փողոցում էր վնասվածքը ստացել։


Բժշկի հետ զրուցելուց և համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները Բաշինջաղյան փողոց մեկնեցին, ճշտեցին` դեպքը որտեղ և ինչ հանգամանքներում էր եղել: Պարզվեց, որ հունիսի 14-ին, ժամը 23.30-ի սահմաններում, հիշյալ փողոցի տներից մեկի մոտ ծագած վեճի ժամանակ տուժողին դանակահարել էր Միրաքյան փողոցի 26-ամյա մի բնակիչ:

Հարուցվեց քրեական գործ: Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 21-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին։

Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: