Moody's վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկի` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը` վերանայելով հեռանկարը և սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն:
Բանկի ավանդների վարկանիշերի վերահաստատման և հեռանկարի փոփոխության հիմքում ընկած են բանկի ճկուն և արդյունավետ աշխատանքը բարդ ժամանակներում, ակտիվների կայուն որակը, ֆինանսական միջոցների ներգրավման բազան, ինչպես նաև շահութաբերության աճող ցուցանիշներն ու բարձր իրացվելիությունը:
Համաձայն Moody’s գործակալության` Ամերիաբանկի ակտիվների որակը կմնա կայուն շնորհիվ բանկի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման և արտարժույթով արտահայտված վարկերի գծով նվազեցված ռիսկի: Ըստ գործակալության սպասումների, Ամերիաբանկի շահութաբերությունը կշարունակի աճել, մինչդեռ կորուստների կլանման ունակությունը կմնա կայուն: Ակնկալվում է, որ բանկի իրացվելիության և ֆինանսական միջոցների ներգրավման կառուցվածքը կմնա կայուն ֆինանսավորման դիվերսիֆիկացման, բարձր իրացվելիության և իրացվելիության այլընտրանքային աղբյուրներին հասանելիության շնորհիվ:
«Կայուն» հեռանկարն արտացոլում է Moody’s-ի ակնկալիքներն առ այն, որ Ամերիաբանկը կպահպանի բարելավված վճարունակությունը, իսկ բանկի ակտիվների որակը և կապիտալը կմնան կայուն: