Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում իրավիճակը դեռ լարված է, գյուղապետարանի աշխատակիցները շարունակում են աշխատանքից ազատվելու դիմումներ ներկայացնել՝ հրաժարվելով աշխատել ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի հետ:
Վերջինս, ի դեպ, «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, այդ տեղեկությունները.«Այո, դիմումներ եղել են, սակայն չեմ կարող ասել, թե ովքեր են դիմում գրողները»: Հարցին, թե այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է՝ մենակ մնա, Մուրադյանն ասել է. «Փառք Աստծո այնքան մարդ ունեմ իմ կողքին, որ մենակ չեմ մնա, որ մենակ լինեի, չէի ընտրվի»:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին գյուղապետարանի շենքի մոտ սպանվել էր Պռոշյանի ղեկավար ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանը, և որպես պատվիրատու՝ շրջանառվում էր հենց ներկայիս համայնքապետի անունը, ում հետ հարաբերությունները գյուղապետի ընտրություններից հետո լարվել էին: Թեև, Ա.Մուրադյանը բազմիցս հերքել է իր առնչությունը միջադեպին: