Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գործով առաջին դատական նիստը: Այս մասին իմանում ենք Datalex տեղեկատվական համակարգից:
Սուրիկ Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 26-ին հանդիպել է Հեղինե Հարությունի Սարգսյանին, վերջինիցս տեղեկացել է, որ ցանկանում է որդուն Ռաֆիկ Սարգսյանին ընդունել տալ «Վ.Սարգսյանի» անվան ռազմական կրթահամալիր։ Ս. Սուրենյանցը Հ.Սարգսյանին վստահեցրել է, որ մեծ ծանոթություն ունի և որոշակի գումարի դիմաց այդ հարցում կարող է նրան օգնել, որին Հ.Սարգսյանը համաձայնել է։ 2012թ–ի հուլիսի 26-ից մինչև 2012թ-ի սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սուրենյանցը հիշյալ պատրվակով Հ.Սարգսյանի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով նրանից մաս-մաս ստացել է խոշոր չափի ընդհանուր 530.000 ՀՀ դրամ գումար ու հափշտակել։
Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի մաս 2-ի կետ 2-ի հատկանիշներով, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: