Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտ երեկ տեղի ունեցած փոխհրաձգությունը գիշերը դադարել է, վիրավորների հարցը դեռ ճշտվում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, ասաց Նորաբակի գյուղապետարանի աշխատակից Արմեն Ղազարյանը։
«Այս պահին հանդարտ վիճակ է։ Կրակոցները գիշերն արդեն իսկ դադարել է։ Զոհի մասին արդեն հայտնի է, վիրավորների հարցը դեռ ճշտվում է»,- ասաց նա։
Ղազարյանի խոսքով՝ հայկական դիրքերն համայնքից հեռու են մոտավորապես 6-7 կմ։
«Կրակոցները գյուղում լսվում էին, մանավանդ գիշերվա ժամին։ Բնակիչներն արդեն ընտելացել են այդ վիճակին»,- ասաց նա։
Նշենք, որ ադրբեջանական կողմի արձակած կրակոցների հետեւանքով զոհված ժամկետային զինծառայողը 19-ամյա Սուրեն Յուրիկի Սաֆարյանն է։ Նա Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքից էր: Զոհված զինծառայողն ազգությամբ եզդի էր, բանակ էր զորակոչվել նախորդ տարի՝ ծառայության մեկ տարին արդեն լրացել էր: